Հայաստանից արտահանվող մսամթերքն ու թռչնամիսը վտանգավոր չեն աֆրիկյան ժանտախտի ու դաբաղի վիրուսի տեսակետից
Հայաստանից արտահանվող մսամթերքն ու թռչնամիսը վտանգ չեն ներկայացնում կենդանիների համար վտանգավոր հիվանդությունների՝ աֆրիկյան ժանտախտի ու դաբաղի վիրուս պարունակելու տեսակետից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիգոր Բաղյանը:
«Հայաստանի տարածքում չի գրանցվել ոչ աֆրիկյան ժանտախատի, ոչ դաբաղի դեպքեր»,- հայտարարեց Բաղյանը։
Անցյալ շաբաթ Ռոստովի շրջանի Ռոսսելխոզնադզորի վարչության մասնագետները Հայաստանից եկող ավիաչվերթի ուղևորից առգրավել են 8 կենդանի աղավնի և ոչնչացրել նրանց՝ իրենց այդ քայլը հիմնավորելով այն բանով, որ Հայաստանի հանրապետության տարածքում կենդանիների համար վտանգավոր վիրուսների (դաբաղ, աֆրիկյան ժանտախտ) բռնկման առնչությամբ, Հայաստանի տարածքից կենդանիների և կենդանական արտադրանքի ներկրումն արգելվում է, և նման բեռը ենթակա է վերադարձի կամ օգտահանման։
Մեկնաբանելով այս փաստը՝ Բաղյանը նշեց, որ նման միջադեպերի դեպքում Ռոսսելխոզնադզորը պետք է տեղեկացնի Հայաստանի Պետական անասնաբուժական տեսչությանը, ինչը չի արվել։
«Հայաստանի և Ռուսաստանի միջև մսամթերքի ներկրման ու արտահանման սահամանափակումները ներկայում փաստացիորեն հանված են, չնայած Ռուսաստանի հարավում աֆրիկյան ժանտախտի վերջին բռնկման կապակցությամբ, այնտեղից մսամթերքի ներկրումը Հայաստան արգելվել է»,- ավելացրեց Բաղյանը։
Աֆրիկյան ժանտախտի վերջին դեպքը Հայաստանում գրանցվել է 2008 թ.-ի հունվարի 15-ին։ --0--

