ՀՀ կառավարությունը 250 մլն դոլար կուղղի աղետի գոտու շինարարությանը և ուշադրության կենտրոնում կպահի երկրի շինարարական ոլորտի խնդիրները
ՀՀ կառավարությունը ծրագրում է 250 մլն ԱՄՆ դոլարի շինարարական աշխատանքներ իրականացնել աղետի գոտում (1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի գոտում – «Նովոստի-Արմենիա»), շաբաթ օրը երկրում շինարարության ոլորտի խնդիրներին և զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտորը, շինարարական ոլորտի այլ մասնագետներ ու մասնավոր հատվածի կազմակերպությունների ղեկավարներ։
«Դա բավականին մեծ ծավալ է և ենթադրում է, որ շինարարական հզորությունները կօգտագործվեն աղետի գոտու վերականգնման աշխատանքներում», - շաբաթ օրը մեջբերել են Սարգսյանի խոսքերը ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Այնուամենայնիվ, վարչապետի կարծիքով, դա դեռ բավարար չէ, անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել մասնավոր ներդրումների հնարավորություններին։
Վարչապետը նշել է, որ վերջին տարիների ընթացքում շինարարությունը եղել է հանրապետության տնտեսական աճի կարևորագույն շարժիչներից մեկը, որի ծավալն ու աճի տեմպերն էապես խթանել են նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացումը։
Սակայն վերջին շրջանում ոլորտում անկում է նկատվում, ինչը, ըստ Տիգրան Սարգսյանի, պայմանավորված է ներդրումների ծավալների կրճատմամբ, որն, իր հերթին, Հայաստանի տնտեսական գործընթացների վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության հետևանքն է։
Ստեղծված պայմաններում վարչապետը կարևորել է պետության դերը, պետության վարած քաղաքականությունը՝ տնտեսական աճը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ։
Նա նշել է, որ շինարարության ոլորտն այսօր էլ գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում և անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այդ ոլորտի կարողությունները։
«Մեր ռազմավարությունն այս իրավիճակում բավականին պարզ և հասկանալի է. պետությունը պետք ավելացնի իր ծախսերը՝ նպատակ ունենալով ստեղծել նոր աշխատատեղեր։ Այս ծախսերը, որ մենք ավելացնում ենք, պետք է արդարացնեն իրենց, որովհետև պետությունն իրավունք չունի ներդրումներ կատարել ռիսկային ոլորտներում», - նշել է վարչապետը։
Նրա խոսքերով, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ամենաարդյունավետ և իրեն արդարացնող ծախսեր համարվում են ենթակառուցվածքների վրա կատարվող ծախսերը։
«Դա ճանապարհաշինությունն է, ոռոգման համակարգը, խմելու ջուրը, գյուղատնտեսության ոլորտում ենթակառուցվածքների ձևավորումը և շինարարությունը», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։
«Ձեզանից լավ ոչ ոք չի կարող գնահատել, թե ինչպիսին են սպասումներն այս ոլորտում, ինչ գնահատականներ, ինչ կանխատեսումներ ունեք։ Միևնույն ժամանակ, մեզ հետաքրքիր է ձեր կարծիքը, թե ինչ համատեղ միջոցառումներ պետք է իրականացնենք՝ մեղմելու այն բացասական հետևանքները, որ բերում է համաշխարհային տնտեսական ճգնաժամը», - ասել է վարչապետը՝ դիմելով շինարարության ոլորտի մասնագետներին և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։
Խորհրդակցության ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարը և էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետը ներկայացրել են շինարարության ոլորտի խնդիրների և զարգացման հնարավորությունների վերաբերյալ իրենց վերլուծությունն ու առաջարկությունները։
Այնուհետև լսել են մասնավոր հատվածի ներկայացուցիչների դիտարկումներն ու առաջարկությունները։ Նրանք հատկապես առանձնացրել են շինարարության նախագծման, փորձագիտության, լիցենզավորման փուլերում առկա խնդիրները։
արձ է կատարվել նաև որակյալ կադրերի նվազմանը, շինարարական նոր տեխնիկայի ձեռքբերման կամ եղած պարկի վերազինմանը, վարկավորման գործում հանդիպող դժվարություններին առնչվող հարցերին։ Հարց է բարձրացվել նաև օրենսդրության կատարելագործման անհրաժեշտության մասին։
Խորհրդակցության ավարտին վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել։ Նա, մասնավորապես, նշել է, թե ներկայացված վիճակը վկայում է այն մասին, որ շինարարության ոլորտի զարգացման ծրագիր, որը պարունակեր նշված բոլոր հիմնախնդիրների պատասխանները, գոյություն չունի։ Նրա խոսքերով, ոլորտի մասնագիտական կարողություններն անբավարար են, վերապատրաստման ծրագրերի իրականացման խնդիր կա, որը հնարավոր է լուծել միջազգային համապատասխան կազմակերպությունների կողմից տրամադրվող տեխնիկական օժանդակության ծրագրերի միջոցով։
Վարչապետը հանձնարարել է ՀՀ քաղաքաշինության և էկոնոմիկայի նախարարներին՝ ամփոփ ներկայացնել, թե ինչպիսի տեխնիկական օժանդակություն է անհրաժեշտ ոլորտի զարգացումը խթանելու համար, որը հիմք կդառնա նաև շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ այդ հարցի շուրջ բանակցությունների համար։
Մեկ այլ հանձնարարականի համաձայն, ՀՀ քաղաքաշինության և էկոնոմիկայի նախարարները՝ խորհրդակցության մասնակից մասնագետների, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համագործակցությամբ, պետք է մշակեն և ներկայացնեն շինարարության ոլորտի զարգացման ծրագիր։
Վարչապետը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին խնդրել է ակտիվ մասնակցել այդ աշխատանքին և դառնալ կառավարության գործընկերը՝ ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու նպատակով։-0-

