«Յոթի գործով» դատական նիստը յոթերորդ անգամ ընդհատվել է
2008 թ.-ի մարտի 1-2-ին Երևանում զանգվածային անկարգությունների փաստով քրեական գործի շրջանակներում այսպես կոչված «յոթի գործով» դատական նիստն արդեն յոթերորդ անգամ ընդհատվել է դատարանի նկատմամբ ամբաստանյալների անհարգալից վերաբերմունքի պատճառով։
«Այսօրվա նիստին ամբաստանյալները կրկին ոտքի չեն կանգնել նիստի քարտուղարի «Ոտքի, դատարանն է գալիս» խոսքերից հետո։ Այսպիսով նրանց այսօրվա վարքագիծը նույնն էր, ինչ անցած նիստերի ժամանակ, երբ ամբաստանյալները չէին կատարում դատավորի կարգադրությունները, վիրավորական արտահայտություններ էին թույլ տալիս դատավորի հասցեին», - ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Այս կապակցությամբ դատավորը որոշեց հեռացնել ամբաստանյալներին դատական նիստերի դահլիճից՝ շարունակելով նիստը փետրվարի 12-ին։
Դատավորի որոշումը առաջացրեց ամբաստանյալների և նրանց փաստաբանների դժգոհությունը։ Մասնավորապես, ամբաստանյալներից մեկի փաստաբան Հովիկ Արսենյանը կարծում է, որ դատավորի կողմից գործընթացի ձգձգումը կապված է նրա հետ, որ վերջինս սպասում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածներում փոփոխություններ անելուն և դրանց ուժի մեջ մտնելուն։
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Արբահամյանը հունվարի 23-ին հրամանագիր է ստորագրել աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ (զանգվածային անկարգություններ) և 300-րդ (պետական իշխանության բռնազավթում) հոդվածներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ մշակելու համար։
Բացի այդ, Հակոբ Հակոբյանի փաստաբան Մելանիա Առուստամյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը գտնվում է դատապարտյալների համար նախատեսված հիվանդանոցում և յուրաքանչյուր օր ժամը 12։00-ին (դատական նիստի սկսելու ժամը – «Նովոստի-Արմենիա») նվազագույնը երկու ժամվա ընթացքում գտնվում է կաթուցիկի տակ։ Ինչպես պարզաբանեց նա, սա է պատճառը, որ Հակոբյանը ներկա չէր այսօրվա դատական նիստին։
«Չգիտեմ, ինչ ձևով են բուժիչ պրոցեդուրաները համատեղվելու դատական նիստերի հետ», - ասաց փաստաբանը։
Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։
Բացի այդ, դատարանը քննում է գործը՝ ըստ մեղադրանքի ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով: -0-

