Ասիական զարգացման բանկը շահագրգռված է Հայաստանի հետ երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների զարգացմամբ. Կուրոդա

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ասիական զարգացման բանկը շահագրգռված է Հայաստանի հետ երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների զարգացմամբ, ասաց ԱԶԲ-ի նախագահ Հարուհիկո Կուրոդան Դավոսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հադիպման ժամանակ, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։
Հարուհիկո Կուրոդան բարձր է գնահատել պետական կառավարման բնագավառում հայաստանյան իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը և նշել, որ Ասիական զարգացման բանկը շահագրգռված է զարգացնել երկարաժամկետ գործընկերային հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ` կարևորելով բոլոր առկա գործիքների արդյունավետ համադրումը` ուղղված Հայաստանի Հանրապետությունում զարգացման խթանմանը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի նախագահին իրականացվող համատեղ ծրագրերի համար` դրանք գնահատելով արդյունավետ:
Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել կառավարման բնագավառում և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ մեր երկրին` Ասիական զարգացման բանկի կողմից մինչ օրս ցուցաբերվող աջակցության համար և հույս հայտնել, որ այդ համագործակցությունն իր շարունակությունը կունենա նաև ապագայում:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՀՀ նախագահի երկկողմ հանդիպումները Դավոսում անցնում են Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում։
Ուշ երեկոյան նախատեսված է նաև նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ասիական զարգացման բանկը ստեղծվել է 1966 թ.-ին, ունի 67 անդամ-երկիր։ Հայաստանի Հանրապետությունը ԱԶԲ անդամ է 1995 թ.-ի սեպտեմբերի 20-ից՝ միանալով «Ասիական զարգացման բանկի հիմնադրման մասին համաձայնագրին»։ Հայաստանի կառավարության և ԱԶԲ-ի միջև մի շարք համաձայնագրեր և փոխհամաձայնության հուշագիր է կնքվել։ Հայաստանում ԱԶԲ-ի կողմից գյուղական ճանապարհների շինարարության և ջրամատակարարման ոլորտում իրականացվող նախագծերի ընդհանուր արժեքը 83 մլն դոլար է կազմում։ --0--