Հայաստանն ու ՄԱԳԱՏԷ-ն բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գործադիր տնօրեն Մուհամմեդ Էլ Բարադեի հետ հինգշաբթի Դավոսում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է միջուկային էներգիայի ոլոտում միջազգային գործակալության և Հայաստանի Հանրապետության համագործակցությանը վերաբերող հարցեր:
«Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը վերաբերող հարցեր»,- ասված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ:
Մուհամմեդ Էլ Բարադեյը բարձր է գնահատել նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ մինչ օրս հայաստանյան իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը և պատրաստակամություն հայտնել` տրամադրելու փորձագիտական օժանդակություն ծրագրի իրականացման տարբեր փուլերում:
Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գործադիր տնօրենը նաև բարձր է գնահատել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը:
Հանրապետության նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մուհամմեդ Էլ Բարադեին` այս ուղղությամբ միջազգային նվիրատուների ջանքերի համակարգման և ցուցաբերած խորհրդատվական աջակցության համար: -0-