ՄԱԶԾ և ՀՀ Փրկարար ծառայությունը ներկայացրեցին աղետների ռիսկերի նվազեցմանը վերաբերող նյութեր

ՄԱԿ-ի Զարգացմանը ծրագիրը և ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը հինգշաբթի ներկայացրեցին աղետների ռիսկերի նվազեցմանը վերաբերող հանրային իրազեկման այն նյութերը, որոնք համատեղ պատրաստվել են ՄԱԶԾ-ի «Աղետների պատրաստվածության և ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը։
«Սա հիանալի հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու աղետների ռիսկերի նվազեցման հանրային իրազեկման կարևորությունը։ Չնայած գիտելիքների և տեղեկատվության պակաս կարծես չկա, սակայն կարևոր է դրանց արդյունավետ կիրառումը»,- ասաց Վիդալը շնորհանդեսի ժամանակ։
Նրա խոսքերով իրազեկման բարձրացմանն ուղղված ուսուցողական ձեռնարկումներն իշխանություններին ու ազգաբնակչությանը հնարավորություն կտան արդյունավետ միջոցներ ձեռնարկել աղետներից պաշտպանվելիս։
Նշելով, որ Հայաստանն աղետաշատ երկիր է՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչն էապես կարևորեց ՄԱԶԾ-ի և ՀՀ փրկարար ծառայության համատեղ ջանքերը, որոնք ուղղված են օժանդակելու աղետների պատրաստվածության և ռիսկերի նվազեցման համակարգերի ստեղծմանը։
Իր հերթին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը, անդրադառնալով Սպիտակի երկրաշարժի 20-ամյակին, նշեց, որ հենց դա ստիպեց հայերին և ամբողջ աշխարհին նորովի նայել աղետներից պաշտպանվելու և մարդկանց փրկության խնդիրներին։
«Սպիտակի և դրանից հետո արձանագրված մեծ ու փոքր աղետների կարևորագույն դասը մեր հասարակության անտեղյակությունն էր, անիրազեկությունը»,- ասաց Բարսեղյանը։
Կարևորելով «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի գործունեությունը, գեներալ-լեյտենանտ Բարսեղյանն իր շնորհակալությունը հայտնեց ՄԱԶԾ-ին՝ հանրային իրազեկմանը և ընդհանրապես բոլոր նախաձեռնություններին աջակցելու համար։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության համատեղ գործունեության ոլորտներից մեկն ընդգրկում է աղետների ռիսկերի կառավարումն Արարատի մարզում՝ որպես ամենախոցելի մարզի։
Բացի ՀՀ փրկարար ծառայության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնին տեխնիկական և փորձագիտական աջակցություն տրամադրելուց, ՄԱԶԾ-ն օժանդակեց ուսուցողական նյութերի՝ ֆիլմերի, սոցիալական տեսահոլովակների և գրքույկ-պաստառների ստեղծմանը այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են երկրաշարժերը, սողանքները, ջրհեղեղները, հրդեհները և այլն։
Տվյալ նյութերը կտրամադրվեն Հայաստանի բոլոր հեռուստաընկերություններին, մարզային կառույցներին, Արարատի մարզի համայնքների ղեկավարներին ու դպրոցներին, նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ --0--