Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, Հայաստանին կայունացման վարկ կտրամադրի. պատգամավոր
Գլոբալ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար Ռուսաստանի կողմից Հայաստանին կայունացման վարկ տրամադրելու բանակցությունները հաջող են ընթանում, և Ռուսաստանն, ըստ ամենայնի, կտրամադրի Հայաստանին նմանատիպ վարկ, հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական կոմիտեի նախագահ Գագիկ Մինասյանը։
Նա նշեց, որ դա բավական տարածված պրակտիկա է ֆինանսական հոսքեր ներգրավելու համար։
«Դա շատ կարևոր է տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ ամենադեֆիցիտ ապրանքը դրամն է»,- ասաց պատգամավորը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Մինասյանի խոսքերով, ճգնաժամի պայմաններում պետությունը մեծ ուշադրություն է դարձնում խոշոր տնտեսական նախագծերին, մասնավորապես, ճանապարհաշինությանը։
«Քանի որ ճգնաժամի ընթացքում հիմնական պատվիրատուն պետությունն է դառնում, այն պետք է խթանի տնտեսությունը, թույլ չտա նրան ճահճանալ»,- ասաց նա։
Պատգամավորն ընդգծեց նաև, որ կայունացման վարկն, ըստ երևույթին, ուղղված կլինի ենթակառուցվածքների զարգացմանը։ «Շատ կարևոր է պահպանել երկրի մրցունակությունը ճգնաժամից հետո»,- ավելացրեց նա։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանը բանակցություններ է վարում իր հիմնական առևտրատնտեսական և ֆինանսական գործընկերների հետ ինչպես բազմակողմանի, այնպես էլ երկկողմանի ձևաչափով, ներառյալ Համաշխարհային Բանկը և այլ միջազգային կազմակերպություններ՝ համաշխարահային տնտեսական ճգնաժամի ընթացքում Հայաստանի տնտեսությանը աջակցելու նպատակով վարկերի տրամադրման ուղղությամբ։ Այդ թվում բանակցություններ են տարվում նաև Ռուսաստանի հետ։ -0-