ԴԱՀԿ աշխատակցին մարմնական ծանր վնասվածքներ պատճառած անձը կալանավորված է
ՀՀ ոստիկանության աշխատակիցները կալանավորել են Հրազդան քաղաքում հարկադիր կատարողի վրա հարձակում գործած 28-ամյա Արմեն Զաքարյանին, ասվում է Ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։
Հունվարի 21-ին հարձակման է ենթարկվել Հրազդան քաղաքի բնակիչ, ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի բաժնի տեսուչ, 1981թ. ծնված Հայկ Բաբաջանյանը, ով իրականացնում էր «Բջնի» հանքային ջրերի գործարանի գործադիր արտադրությունը։
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզային քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի 2-րդ մասի (բռնություն կիրառելը իշխանության ներկայացուցչի նկատմամբ) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների, մարզի դատախազության և Հրազդանի բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Հ. Բաբաջանյանին նշված վնասվածքները պատճառել է 1981թ. ծնված Արմեն Զաքարյանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ոստիկանությունում նշեցին, որ կասկածյալը 2005 թ. հունիսի 3-ին դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի մեղադրանքով, ասվում է հաղորդագրությունում։ -0-