Արոնյանը միանձնյա առաջատարն է Վեյկ-ան-Զեում անցկացվող շախմատի գերմրցաշարի ավարտից երեք տուր առաջ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, 10-րդ տուրում հաղթանակ տանելով անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսի նկատմամբ, 6,5 միավորով միանձնյա առաջատարն է Վեյկ-ան-Զեում անցկացվող Corus Chess-2009 գերմրցաշարի ավարտից երեք տուր առաջ, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։
10-րդ տուրում արդյունավետ էր ևս մեկ հանդիպում՝ Կառլսենը (Նորվեգիա) պարտության է մատնել Դոմինգեսին (Կուբա), իսկ մյուս հանդիպումները՝ Կարյակին (Ուկրաինա) – Վան Վելի (Հոլանդիա), Մովսեսյան (Սլովակիա) – Վան Յուե (Չինաստան), Սթելվագեն (Հոլանդիա) – Մորոզևիչ (Ռուսաստան), Ռաջաբով (Ադրբեջան) – Սմիթս (Հոլանդիա), Իվանչուկ (Ուկրաինա) – Կամսկի (ԱՄՆ) ավարտվել են ոչ-ոքի։
Այսպիսով, 10 տուրերից հետո 6,5 միավորով առաջատարն է Արոնյանը, 6 միավորով նրան հաջորդում է Կարյակինը, 5,5-ական միավորով՝ Ռաջաբովը, Դոմինգեսը, Մովսեսյանը, 5-ական միավոր են հավաքել Վան Վելին և Սմիթսը, 4,5-ական միավոր ունեն Վան Յուեն, Ադամսը, Կամսկին և Իվանչուկը, 4 միավոր՝ Սթելվագենը և 3,5-միավոր՝ Մորոզևիչը։
Վեյկ-ան-Զեի մրցաշարն աշխարհի հնագույն և հզորագույն շախմատային մրցաշարերից է, անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1937 թվականից։
Corus Chess մրցաշարն ավանդաբար անցնում է շրջանաձև համակարգով՝ երեք խմբերում։-0-