Հայրենիքին ծառայելը միշտ գտնվելու է երկրի ռազմական ղեկավարության ուշադրության կենտրոնում
Հայրենիքին ծառայելը միշտ գտնվելու է Զինված ուժերի հրամանատարության, պաշտպանության նախարարի և երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում, ասաց երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի՝ Հայկական բանակի հիմնադրման 17-րդ տարեդարձի կապակցությամբ զինծառայողների պարգևատրման արարողության ժամանակ:
«Այսօր տոն է ողջ ազգի համար, քանի որ հայկական բանակը ազգի ձեռքբերումն է, ողջ ժողովրդի նվիրվածության արդյունքը: Այսօր մեր բանակը իրավամբ դարձել է ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը»,- նշեց Օհանյանը:
Նրա խոսքերով, ստեղծվելով դժվար պայմաններում՝ հայկական բանակը կարողացավ ոչ միայն հաղթել, այլև պատմական կարճ ժամանակահատվածում մարտունակությամբ դառնալ ժամանակակից չափանիշներին համապատասխան:
«Բանակին հաջողվեց պահպանել իր անկախությունը և իր մարտունակությամբ կանխել թշնամու բոլոր սադրանքները»,- նշեց Օհանյանը:
Պաշտպանության նախարարը վստահ է, որ ավանդական դարձած փոխադարձ հարգանքի և վստահության, մարտի դաշտում ցուցաբերած քաջության շնորհիվ կհաջողվի հաղթահարել ցանկացած դժվարություն և խնդիր:
Միջոցառումների շրջանակներում երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացման, զինված ուժերի կայացման և ազգային անվտանգության գործին աջակցելու համար պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովը
ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին պարգևատրեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Միջոցառման շրջանակներում ընդհանուր առմամբ պարգևների արժանացան մոտ հիսուն զինվորականներ՝ ներառյալ գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ, սերժանետներ:
Հայկական բանակի ստեղծման օրը համարվում է 1992 թվականի հունվարի 28-ը, երբ Հայաստանը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը։ -0—