Հայաստանի ձայնի իրավունքը պահպանելու ԵԽԽՎ որոշումը ոչ իշխանությունների, ոչ էլ ընդդիմության հաղթանակը չէ. պատգամավոր

28.01.2009, 14:55
Հայաստանի ձայնի իրավունքը պահպանելու ԵԽԽՎ որոշումը ոչ իշխանությունների, ոչ էլ ընդդիմության հաղթանակը չէ. պատգամավոր

 

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ձայնի իրավունքը պահպանելու ԵԽԽՎ որոշումը ոչ իշխանությունների, ոչ էլ, առավել ևս,  ընդդիմության հաղթանակը չէ, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

«Սա Հայաստանի ժողովրդավարական աշխարհայացքի, եվրոպական արժեքներին կողմնակից լինելու հաղթանակն է։ Դա մեր համոզմունքների, մեր ժողովրդավարական ապագայի, մեր երեխաների, մեր ընդհանուր հաղթանակն է»,- ասաց Շարմազանովը չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ժամանակ որոշել է չզրկել Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից՝ երեշքաբթի ձայների մեծամասնությամբ քվեարկելով հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից չզրկելու օգտին. «կողմ» է արտահայտվել 141 պատգամավոր, «դեմ»՝ երեքը, հինգը «ձեռնպահ» են մնացել։

Հայկական պատվիրակության ձայնի դադարեցման հարցը ԵԽԽՎ-ում կապված էր Հայաստանի կողմից  «քաղբանտարկյալներին» ազատելու և Երևանում 2008թ. մարտյան դեպքերի անաչառ հետաքննություն անցկացնելու մասով №1609 և №1620 բանաձևերի դրույթները չկատարելու հետ։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ին վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել է վնասվածքներ։

Միաժամանակ խորհրդարանականն ասաց, որ անցած ամիսների ընթացքում ոչ մի լուրջ քաղաքական գործիչ, ոչ մի լուրջ քաղաքական ուժ, հասարակության անդամ և մտավորականության ներկայացուցիչ չասաց, թե եվրոպական արժեքները խորթ են հայ ժողովրդին։

«Ես ուրախ եմ, որ հասարակությունը ցույց տվեց նվիրվածությունը եվրոպական արժեքներին՝ մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավական պետությանը և ժողովրդավարության զարգացմանը»,- ընդգծեց պատգամավորը։

Միաժամանակ Շարմազանովը նշեց, որ ԵԽԽՎ որոշումը չի կարելի համարել հաջողություն կամ պարտություն։

Ըստ նրա, խնդիր կառաջացներ Հայաստանին ձայնից զրկելը, «թեև դրանից հետո նոր համաշխարհային ջրհեղեղ չէր սկսվի»։

 «Սակայն եթե սուբյեկտի գործողություններն ինչ-որ կառույցում սահմանափակ են, նա արդեն չի կարող ազատ գործել»,- նշեց ՀՀԿ մամուլի քարտուղարը։ -0-