Հայաստանը նշում է հայոց բանակի 17-ամյակը

28.01.2009, 11:00
Հայաստանը նշում է հայոց բանակի 17-ամյակը
Հայաստանը նշում է հայոց բանակի 17-ամյակը

Հայաստանում չորեքշաբթի՝ հունվարի 28-ին, նշվում է Հայոց բանակի ձևավորման 17-ամյակը։ Հայկական օրացույցում այս օրը վաղուց է որպես տոնական նշվում, և արդեն վեցերորդ տարին է՝ այս օրը ոչ աշխատանքային է Հայաստանում։

Տոնական միջոցառումների շրջանակներում ծրագրված է ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի այցը «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հայորդիների հիշատակին:

Այս օրը ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա զինծառայողների` ՀՀ ԶՈՒ կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Հունվարի 28-ին մի շարք միջոցառումներ է ծրագրել նաև Հայաստանի ուսանողական ֆորումը:

Այսպես, հայ ուսանողները Հայոց բանակի օրվա կապակցությամբ համաուսանողական երթ կկազմակերպեն դեպի ղարաբաղյան պատերազմի հերոսների պանթեոն՝ «Եռաբլուր»՝  ի հարգանք հայոց բանակի հիմնադրման ակունքներում կանգնած հերոսների հիշատակի։

Բացի այդ, Հաղթանակի կամրջից երկինք բաց կթողնվեն տոնական եռագույն փուչիկներ։

Ուսանողական, երիտասարդական մի քանի տասնյակ խմբեր մայրաքաղաքի մարդաշատ փողոցներում քաղաքացիներին բարեմաղթանքներ կուղղեն և կնվիրեն բանակի օրվա շնորհավորական բացիկներ։ Բացիկներն ու բարեմաղթանքները կտարածվեն նաև ինտերնետային սոցիալական ցանցերով:

Նախօրեին Հայոց բանակի ստեղծման օրվա կապակցությամբ իրենց շնորհավորանքներն են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Մեզ համար Հայոց բանակն ազգային հպարտություն է, իսկ հակառակորդների համար` զսպվածության ու զգոնության մղող հզոր գործոն, որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է այնքան փխրուն խաղաղությունը», - ասաց երկրի ղեկավարը Բանակի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը:

Նախագահի խոսքերով, անդորրի համար պարտական ենք ամեն օր ծառայության գնացող, իրենց դիրքերում ու խրամատներում գտնվող զինվորներին, Հայաստանի սպաներին ու հրամանատարներին, խիզախ զավակներին։

«Այսօր մենք նշում ենք հայկական բանակի տոնը՝ մեր անկախության ընթացքում ամենամեծ ձեռքբերումներից մեկը։ Տասնյոթ տարի առաջ, երբ հարցականի տակ էր մեր անկախությունը, բանակի ստեղծումը դարձավ օրվա ամենաանհետաձգելի հրամայականը»,- ընդգծել է նա։

Հայկական բանակի ստեղծման օրը համարվում է 1992 թվականի հունվարի 28-ը, երբ Հայաստանը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը։

Այս դժվարին առաքելությունն իր վրա վերցրեց կամավորական առաջին ջոկատը, սակայն ակնհայտ էր, որ սահմանների պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովման հարցերը պահանջում էին պետական մոտեցում։

1990 թ.-ի սեպտեմբերին Հայաստանի Գերագույն Խորհուրդը ՆԳՆ-ի կառույցում «Հատուկ գնդի» ստեղծման մասին որոշում ընդունեց։ Գունդը բաղկացած էր 26 վաշտից և գործում էր Երևանում ու պետության մյուս մարզերում։

1991 թ.-ի մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտե։ Նմանատիպ կառույց արդեն գործում էր Լեռնային Ղարաբաղում։ Այս ամենը թեթևացրեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում պաշտպանական միջոցառումների համակարգումը։-0-