Հայաստանը մասնակցել է Զարգացող շուկաների ներդրողների՝ Ցյուրիխում կայացած կլոր սեղանին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը մասնակցել է Զարգացող շուկաների ներդրողների՝ երեքշաբթի Ցյուրիխում կայացած կլոր սեղանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, տվյալ միջոցառումը նախորդում է Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովին։
Զարգացող շուկաների ներդրողների կլոր սեղանին մասնակցում են աշխարհի տարբեր մայրցամաքների երկրների ավելի քան 200 տնտեսական փորձագետներ, հանրահայտ կազմակերպությունների և ընկերությունների ներկայացուցիչներ:
Կլոր սեղանի քննարկումների թեման է` զարգացող շուկաների վրա գլոբալ տնտեսության անկման ազդեցությունը, միջոցառման կազմակերպման առաջնային նպատակը` տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած մարտահրավերներին դիմակայելու համար կարճաժամկետ և երկարաժամկետ ներդրումային ծրագրերի շրջանակում նոր գաղափարների, առաջարկությունների և նախագծերի բացահայտումը: --0--