Հայաստանի օդանավակայաններում հեղուկների փոխադրման նոր կարգը ուժի մեջ կմտնի փետրվարի 2-ից

27.01.2009, 16:42
Հայաստանի օդանավակայաններում հեղուկների փոխադրման նոր կարգը ուժի մեջ կմտնի փետրվարի 2-ից

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի օդանավակայաններում հեղուկների փոխադրման նոր կարգը ուժի մեջ կմտնի փետրվարի 2-ից, հայտնում է «Հայաստան-միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) և Եվրամիության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության նոր կանոնակարգերի, ինչպես նաև ՀՀ կառավարության 08.10.2008 որոշման համաձայն 2009 թվականի փետրվարի 2-ից Երևանի «Զվարթնոց» և Գյումրի քաղաքի «Շիրակ» միջազգային օդանավակայաններից մեկնող ուղևորների կողմից հեղուկների փոխադրումը պետք է իրականացվի նոր կանոնների համաձայն:

«Ըստ այդմ, ուղևորները պետք է հեղուկները փոխադրեն միայն իրենց ուղեբեռում: Ձեռքի իրերում կարող է փոխադրվել մինչև 100մլ տարողությամբ տարաներով հեղուկներ (ընդհանուր ծավալը` առավելագույնը 1 լիտր)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կանոնակարգը վերաբերվում է բոլոր տեսակի հեղուկ նյութերին, աերոզոլերին, գելերին, ինչպես նաև հեղուկների և պինդ նյութերի խառնուրդներին (պահածոներ, մածուկներ, կոսմետիկ պարագաներ  և այլն):

«Չի թույլատրվի փոխադրել 100մլ գերազանցող տարաներով հեղուկ նյութերը ուղևորների ձեռքի իրերում»,- նշեցին «Հայաստան-միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում։

Ձեռքի իրերում առկա մինչև 100մլ տարողությամբ նյութերը տեղափոխել կարելի է միայն օդանավակայաններում հատկացվող թափանցիկ հատուկ տոպրակներով, որոնք պետք է առանձին ներկայացվեն զննման, և չպետք է բացվեն մինչև թռիչքի ավարտը:

Առանց հատուկ տոպրակների կարելի է տեղափոխել միայն այն դեղորայքը և մանկական սնունդը, որոնց օգտագործումը թռիչքի ընթացքում անհրաժեշտ է:

«Նոր կանոնակարգը իրականացվում է ուղևորների անվտանգության նկատառումներից ելնելով»,- նշում են վարչությունում:--0--