ՀՀ նախագահի օգնականը նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել
Նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի կարգադրություն է ստորագրել Վիգեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից ազատելու մասին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Վիգեն Սարգսյանը ծնվել է 1975թ., Երևանում, բժիշկների ընտանիքում:
1996թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական կառավարման ակադեմիայի հեռակա բաժանմունքը` Անձնակազմի կառավարում մասնագիտացմամբ:
1997թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը, իսկ 2000թ. ստացել է Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոսի կոչում Թաֆթս համալսարանի Ֆլետչեր դիվանագիտական դպրոցից:
1995-98թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես խորհրդարանի նախագահի օգնական, իսկ այնուհետև` խորհրդական:
2000-2003թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես սպա՝ զբաղեցնելով պաշտպանության նախարարի ռեֆերենտի պաշտոնը: 2003թ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական:
Պարգևատրվել է Մովսես Խորենացու և պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալներով, Ֆրանսիայի Ազգային արժանիքների շքանշանի ասպետ է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:-0-