ԵԽԽՎ-ն որոշեց չզրկել Հայաստանին ձայնի իրավունքից

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը երկուշաբթի փակ նիստի ժամանակ մեղմել է իր դիրքորոշումը և առաջարկել է չզրկել հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին առաջարկել էր դադարեցնել ՀՀ պատվիրակության ձայնի իրավունքը ԵԽԽՎ-ում`Երևանում մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի կապակցությամբ։ Հունվարի 27-ին ԵԽԽՎ-ն լիագումար նիստի ժամանակ կքննարկի Հայաստանի հարցը։
«Այս փուլում որոշում է ընդունվել չկիրառել պատժամիջոցներ Հայաստանի նկատմամբ, քանի որ իշխանությունների քաղաքական կամք է արձանագրվել», - լրագրողներին ասել է հայկական պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։
Բացի այդ դեռևս առավոտյան ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչն ասել էր, որ «չի կարծում, թե Հայաստանին կզրկեն ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից»։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն իր հերթին ասել է, որ այս պահի դրությամբ համազեկուցողների առաջարկության մեջ չի մտնում Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը և ձայնի իրավունքից զրկելը, սակայն մոնիտորինգի հանձնաժողովի կշարունակի կատարել իր գործառույթները։
«Հայաստանում տեղի ունեցած գործընթացների վերահսկողությունը բավականին լուրջ է լինելու», - կարծում է նա։
Հեռուստաընկերության տվյալներով, համազեկուցողները պատճառաբանել են իրենց դիրքորոշումը նրանով, որ Երևան իրենց վերջին այցելության ընթացքում տեսել են Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքը. Հայաստանի նախագահն արդեն ներում է շնորհել զանգվածային անկարգությունների վերաբերյալ գործով 20 մեղադրյալների, իսկ խորհրդարանի նախագահի կարգադրությամբ արդեն ստեղծվել է Քրեական օրենսգրքի հոդվածների վերանայման աշխատանքային խումբ, որոնք վերաբերում են զանգվածային անկարգություններին և պետական իշխանության բռնազավթմանը, այդ հոդվածները բարդություններ են ստեղծում՝ տարբերություն չդնելով այդ հանցագործությունների քաղաքական և քրեական ենթատեքստի միջև։
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է հրաման` Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 225 (զանգվածային անկարգություններ) և 300 (պետական իշխանության բռնազավթում) հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:-0-