Հայաստանի Շախմատի ֆեդերացիան 2007-2008 թթ.-ին 9 միջազգային մրցաշար է կազմակերպել
2007-2008 թթ.-ին Հայաստանի Շախմատի ֆեդերացիան 9 միջազգային մրցաշար է կազմակերպել, ասաց ՀՀ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, «Chess» Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը։
«Երկու տարվա կտրվածքով փոքր Հայաստանի համար սա բավականին լուրջ թիվ է»,- ասաց նա՝ ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովի ընթացքում ներկայացնելով 2007-2008 թթ.-ին Շախմատի ֆեդերացիայի գերծունեության հաշվետվությունը։
Լպուտյանը պարզաբանեց, որ խոսքը Երևանում Արոնյան-Կրամնիկ հանդիպման, հայկական մայրաքաղաքում Կարեն Ասրյանի անվ. շախմատային հուշամրցաշարի, մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնության, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում շախմատի միջազգային մրցաշարի, Ջերմուկում մանկապատանեկան միջազգային մրցաշարի, ինչպես նաև Գյումրիի և Երևանի մրցաշարների մասին է։
«Հատուկ կարևորություն ունի այն, որ այդ մրցաշարներից շատերը կազմակերպվել են ոչ թե Երևանում, այլ հանրապետության շրջաններում, ինչը ողջ երկրում շախմատը մասսայական դարձնելու խթան է»,- ընդգծեց նա։ --0--