Արտերկիր աշխատանքի մեկնածները հայրենիք վերադառնալիս գործազուրկ չեն մնա. Զբաղվածության պետական գործակալություն

26.01.2009, 18:14
Արտերկիր աշխատանքի մեկնածները հայրենիք վերադառնալիս գործազուրկ չեն մնա. Զբաղվածության պետական գործակալություն
Արտերկիր աշխատանքի մեկնածները հայրենիք վերադառնալիս գործազուրկ չեն մնա. Զբաղվածության պետական գործակալություն

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Զբաղվածության պետական գործակալության պետ Սոնա Հարությունյանը անհիմն է համարում այն մտավախությունները, որ արտերկիր աշխատանքի մեկնածները հայրենիք վերադառնալիս գործազուրկ կմնան։

«Հայաստանում աշխատուժի պահանջարկ կա այն ոլորտներում, որոնցում  աշխատում են մեր հայրենակիցներն արտասահմանում։ Միակ խնդիրն այն է, որ արտասահմանում նրանք զգալիորեն ավելի շատ են վաստակում»,- ասաց նա։

Զբաղվածության պետական գործակալության պետը նաև ընդգծեց, որ Հայաստանում տղամարդիկ բնակչության միայն 40 տոկոսն են կազմում, և այն աշխատատեղերը, որոնք տղամարդու աշխատանք են պահանջում, թափուր են մնում։ 

«Այսպիսով, արտերկիր աշխատանքի մեկնածների վերադարձը հայրենիք կբարելավի աշխատանքի շուկայում բնակչության սեռային հավասարակշռությունը»,- ավելացրեց Հարությունյանը։

Զբաղվածության պետական գործակալության տվյալներով, 2008 թ.-ի դեկտեմբերին հանրապետությունում գործազրկության մակարդակը 6,3 տոկոս է կազմել՝ տարեսկզբի 6,7 տոկոսի փոխարեն։  

Սակայն նշվում է, որ այս տարվա առաջին ամսվա ընթացքում խոշոր ընկերություններում կրճատումների կապակցությամբ գործազուրկների թվի աճ է նկատվում։  

Հունվարի 23-ի տվյալներով, Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը 90,5 հազար մարդ է, գործազուրկի կարգավիճակ ստացել է 75 հազար մարդ։ --0--