Հայ ուսանողները երթ կկազմակերպեն՝ ի հարգանք հայոց բանակի հիմնադրման հերոսների հիշատակի
Հայ ուսանողները հունվարի 28-ին՝ հայոց բանակի 17-ամյակին, համաուսանողական երթ կկազմակերպեն դեպի ղարաբաղյան պատերազմի հերոսների պանթեոն՝ «Եռաբլուր»՝ ի հարգանք հայոց բանակի հիմնադրման ակունքներում կանգնած հերոսների հիշատակի, հաղորդում է Հայաստանի ուսանողական ֆորումը։
Երթը կազմակերպում են հայկական բուհերի ուսխորհուրդներն ու երիտասարդական հասարակական կազմակերպությունները։
Բացի այդ ծրագրվում են նաև այդ օրվան նվիրված այլ միջոցառումներ։ Այսպես, Հաղթանակի կամրջից երկինք բաց կթողնվեն տոնական եռագույն փուչիկներ։
Ուսանողական, երիտասարդական մի քանի տասնյակ խմբեր մայրաքաղաքի մարդաշատ փողոցներում քաղաքացիներին բարեմաղթանքներ կուղղեն և կնվիրեն բանակի օրվա շնորհավորական բացիկներ։ Բացիկներն ու բարեմաղթանքները կտարածվեն նաև ինտերնետային սոցիալական ցանցերով:
Ֆորումի տեղեկատվության մեջ ասվում է, որ 17 խորհրդանշական խմբեր (որոնք խորհրդանշում են բանակի հիմնադրման 17-ամյակը) կայցելեն զոհված ազատամարտիկների ընտանիքներին։
Հայոց բանակի ստեղծման օրն է համարվում 1992թ. հունվարի 28-ը։ Այդ օրը Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը։-0-