Հայ ուսանողները Երևանում նշեցին Տատյանայի օրը
Երևանում, Մոսկվայի տանը նախօրեին ռուս ուսանողության տոնին՝ Տատյանայի օրվան նվիրված միջոցառում անցկացվեց:
Միջոցառումը կազմակերպվել էր Երիտասարդական նախաձեռնությունների ռուս-հայկական կենտրոնի, «Վանուհի» բարեգործական հիմնադրամի, «Մշակույթների երկխոսություն» միջազգային կենտրոնի կողմից՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության և Ռուսհամագործակցության աջակցությամբ:
Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի պետական բուհերի և Հայաստանում ռուսական բուհերի մասնաճյուղերի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանում սովորող օտարերկրացի ուսանողները:
Համերգային ծրագիրը տևեց 4 ժամ՝ ծրագրված երկու ժամվա փոխարեն: Բացի այդ, միջոցառման շրջանակներում ուսանողների նկարների, պաստառների և պատի թերթերի ցուցահանեդես կազմակերպվեց:
Տոնակատարության կազմակերպիչների խոստովանությամբ, իրենք չէին էլ ենթադրում, որ Հայաստանում Տատյանայի օրը նշելը նման արձագանք կգտնի հայ ուսանողության կողմից:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Սերգեյ Տելյատնիկովը, տոնի ծավալներն ու մթնոլորտն իրեն հիշեցրին Ռուսաստանի խոշոր բուհերում անցկացվող Տատյանայի օրվա տոնակատարությունները: Այդ պատճառով տոնի կազմակերպիչները նպատակ ունեն Տատյանայի օրվա տոնակատարությունը Հայաստանում պարբերական դարձնել:
Սուրբ Տատյանայի օրը՝ 1755թ. հուվարի 12 (25)-ին Ելիզավետա Պետրովնան որոշում է ստորագրել «Մոսկվայի համալսարանի հիմնադրման մասին»: Այդ ժամանակից ի վեր սուրբ Տատյանան համարվում է ուսանողների հովանավորը: 19-րդ դարի 60-70-ականներին Տատյանայի օրը դարձավ ուսանողների ոչ պաշտոնական տոնը: 2005թ. տոնը պաշտոնական կարգավիճակ ձեռք բերեց: ՌԴ նախագահի հրամանագրով հունվարի 25-ը հռչակվեց ռուս ուսանողության օր:-0-