Երևանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման տեղի և ամսաթվի վերաբերյալ տեղեկատվությանը չի տիրապետում

Երևանը չի տիրապետում վերջնական տեղեկատվության Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ղարաբաղյան կարգավորման հարցի քննությանը նվիրված հանդիպման տեղի և ամսաթվի վերաբերյալ, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը։
Հունվարի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը Բաքվում հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը կարող է կայանալ հունվարի 28-ին Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում:
«Տվյալ պահին մենք Ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու նպատակով երկու պետությունների ղեկավարների հանդիպման տեղի ու ամսաթվի մասին վերջնական տեղեկատվության չենք տիրապետում»,- ասաց Ֆարմանյանը։
Հարցին, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հանդիպման անցկացման տեղի ու ամսաթվի մասին տեղեկատվություն արդեն տարածել են, մամուլի քարտուղարը նշեց, որ նման տեղեկատվություն հրապարակում են նաև հայկական ԶԼՄ-ները։ --0--