Ոսկերչական ոլորտում Հայաստանը կարող է հաջողությունների հասնել արդեն այս տարի. վարչապետ
Ոսկերչության և ադամանդագործության ոլորտի 45 ձեռնարկություններում շուրջ 2 հազար աշխատակիցների խնդիրը և մեր տնտեսության համար հեռանկարային ոլորտի ներկայիս դժվարությունները հնարավոր է հաղթահարել համատեղ ջանքերով և արդեն 2009թ. ունենալ առաջընթաց, ուրբաթ ոսկերչության և ադամանդագործության ոլորտի խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, քննարկմանը մասնակցել են նշված ոլորտի ձեռնարկությունների ղեկավարներ, շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Այս ոլորտում առկա ներկայիս խնդիրներն առաջին հերթին, ըստ վարչապետի և քննարկմանը մասնակցող գործարարների, պայմանավորված են համաշխարհային տնտեսական ճգնաժամով, որն իր անմիջական ազդեցությունն է թողնում նաև մեր հանրապետության ոսկերչության ու ադամանդագործության վրա: Ոսկերչության բնագավառում սահմանված հարկային որոշ արտոնությունները, կառավարության ղեկավարի կարծիքով, այլևս բավարար չեն ոլորտի զարգացմանն աջակցելու համար:
«Այս ոլորտն ունի բավականին լուրջ արտադրողական հնարավորություններ, արտադրական կարողություններ, բայց ինչն ամենակարևորն է` մարդկային ռեսուրս, մասնավորապես, հմուտ ոսկերիչներ և ադամանդագործներ: Քանի որ ոլորտում հազարավոր աշխատատեղեր ունեինք, մեզ մտահոգում է այս խնդիրը, ոլորտի ապագան»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, միջազգային շուկայում ոլորտի վիճակի վերլուծության հետ միասին, ներկայացրել է Հայաստանում ոսկերչության և ադամանդագործության ընդհանուր պատկերը, առկա դժվարությունները, այդ թվում` համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ պայմանավորված, նաև նշել այդ ազդեցությունը մեղմելուն ուղղված միջոցառումների առաջարկությունները:
Խորհրդակցության ավարտին նախարար Երիցյանին հանձնարարվել է ֆինանսների նախարարի և Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ 2-օրյա ժամկետում ամփոփել քննարկման ընթացքում հնչած առաջարկությունները և ներկայացնել դրանցից բխող միջոցառումների ծրագիր` հստակ ժամանակացույցով:--0--