ՀՀ նախագահը ավագ դպրոցի համակարգի ներդրման հետ ծանոթացել է գործնականում

23.01.2009, 16:58
ՀՀ նախագահը ավագ դպրոցի համակարգի ներդրման հետ ծանոթացել է գործնականում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ այցելել է Երևանի N 112 փորձնական ավագ դպրոց։

2008-2009 ուստարում ավագ դպրոցի համակարգի ներդրման փորձնական ծրագիրն արդեն գործում է Երևանի, Շիրակի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի 10 դպրոցներում։ Փորձնական ծրագրերի ընդհանուր բյուջեն 2 մլրդ. 617 մլն դրամ է  (շուրջ 8,6 մլն. դոլար)։

Պետության ղեկավարը ծանոթացել է կրթական գործընթացին և դպրոցի հագեցվածությանը, աշակերտների հետ զրուցել ավագ դպրոցի համակարգի ներդրման առնչությամբ նրանց կարծիքի վերաբերյալ, ինչից հետո խորհրդակցություն անցկացրել ուսուցիչների և ծնողների հետ։  

«Գաղտնիք չէ, որ հայ հասարակությունը հատուկ տեղ ու դեր է հատկացնում կրթությանը, որը հայ ժողովրդի համեմատական առավելությունն է»,- ասաց Սարգսյանը։

Ինչպես նշեց նախագահը, կրթությունն ու գիտելիքը միշտ պետք է մեր ազգային զարգացման հիմք լինեն և ոչ միայն Գիտության ու կրթության նախարարության և կառավարության խնդիրը լինեն, այլև ողջ հասարակության կարևորագույն առաջադրանքը։

Նրա խոսքերով, կրթությունը պետք է ինչպես պետական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ այլ կազմակերպությունների ուշադրության կենտրոնում լինի։ 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ավագ դպրոցի ներմուծման հարցերը և համեմատական առավելությունները։

Նախագահը ծանոթացել է նաև դպրոցականների նկարների ցուցահանդեսի, և մեկ նկար նվեր ստացել։

Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, այցը պայմանավորված է ավագ դպրոցում կրթական գործընթացին ավելի մոտիկից ծանոթանալու նախագահի ցանկությամբ։  

«Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել երեք թեմաների. ուսուցիչների կարծիքը ավագ դպրոցի համակարգի ներմուծման փորձնական ծրագրի վերաբերյալ, ծնողների գնահատականները ավագ դպրոցում իրենց երեխաների առաջադիմության առնչությամբ և կրթության ու գիտության նախարարության նոր քայլերը, որոնք ծրագրվում է ձեռնարկել համակարգի զարգացման ու թարմացման ուղղությամբ»,- ասաց Սեյրանյանը։  

Նա նշեց, որ ծնողները երեխաների առաջադիմության մեջ առաջընթաց են նկատում, իսկ ուսուցիչները դրական են արտահայտվել լավ հաճախելիության, խորացված գիտելիքների և նոր կրթական համակարգի մասին։  

Ինչ վերաբերում է երեխաներին, ապա, ինչպես նշեց նախարարը, իրենց կարծիքով նրանք ավելի խորացված գիտելիքներ են ստանում, որոնք իրենց թույլ կտան առանց մասնավոր պարապմունքների և լուրջ ծանրաբեռնվածության մասնակցել ընդունելության քննություններին։ 

Ավագ դպրոցը ավագ դասարանների աշակերտների ավելի խորացված կրթության թեքում ունի՝ նրանց ընտրած ապագա մասնագիտության համաձայն։

Դպրոցում չորս հոսք է գործում՝ հումանիտար, բնագիտական, ֆիզիկա-մաթամատիկական և տնտեսագիտական։ Դպրոցում սովորում է 563 աշակերտ, որոնցից 124-ը՝ ավագ դասարաններում, նրանցից 52-ը՝ ավարտական դասարաններում։  

Հայաստանի կառավարությունն ավագ դպրոցի ստեղծման ռազմավարական ծրագրին հավանություն է տվել 2008 թվականի մարտի 27-ին: Ավագ դպրոցի բարեփոխման քաղաքականության վերջնական տարբերակը ծրագրվում է գործադիր մարմնին ներկայացնել 2009 թ.-ի մարտին։

Ամբողջ ռազմավարական ծրագրով նախատեսվում է հանրապետությունում ստեղծել 150 ավագ դպրոց՝ 11 ուղղություններով, մասնավորապես, ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, հումանիտար, արհեստագործական։

ՀՀ 1450 հանրակրթական դպրոցներում 2008-2009 ուստարում սովորում է շուրջ 435,5 հազար աշակերտ։ --0--