Երևանում տեղի է ունեցել Հայաստանի ազգային ատլասի երկրորդ հատորի շնորհանդեսը
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ուրբաթ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ատլասի երկրորդ հատորի շնորհանդեսը։
Ինչպես շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (ԱԳԿՊԿ) նախագահ Մանուկ Վարդանյանը, հրատարակությունը պարունակում է մի շարք հիմնարար պատմական, տեղեկատվական, գիտական փաստաթղթեր, որոնցում արտացոլված է Հայաստանի պատմությունը։
«Դրանցում արտացոլվում է հենց Հայաստանի պատմությունը, որի տակ մենք հասկանում ենք Հայաստանի Հանրապետությունը, ԼՂՀ-ն և Սփյուռքը։ Ատլասը նաև մեծ քաղաքական նշանակություն ունի, քանի որ այնտեղ արտացոլված են ԼՂՀ-ի, Հայոց ցեղասպանության, սփյուռքի խնդիրները», - տեղեկացրեց նա։
Ինչպես նշեց Վարդանյանը, ատլասն ընդգրկում է Հայաստանի ողջ պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, տեղեկատվություն է տրամադրում Առաջին (1918-1920 թթ. – «Նովոստի-Արմենիա»), Երկրորդ (1920-1991 թթ. – «Նովոստի-Արմենիա») և Երրորդ (1991 մինչ այժմ – «Նովոստի-Արմենիա») հայկական հանրապետությունների մասին։ Կոմիտեի նախագահը նշեց, որ ատլասում ներկայացված է տեղեկատվություն Հայաստանի պատմության, կրոնի, մշակույթի, սփյուռքահայության մասին, ինչպես նաև ատլասում կան բազմաթիվ աղյուսակներ և 220 թեմատիկ քարտեզներ։
Կոմիտեի նախագահը միաժամանակ նշեց, որ Ազգային ատլասի առաջին և երկրորդ հատորները կազմելիս մեծ փորձ է կուտակվել, ամրապնդվել է պետական հաստատությունների և գիտական հանրության միջև համագործակցությունը։
«Հուսով եմ, որ այդ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել նաև ապագայում», - նշեց նա։
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքերով, Հայաստանի ազգային ատլասը որակապես տարբերվում է խորհրդային ժամանակաշրջանի նմանատիպ ատլասներից։ Ինչպես կարծում է Մելքոնյանը, Ազգային ատլասի քարտեզներն իրենց մեջ մարմնավորում և արտացոլում են մի ողջ դարաշրջան։
«Մեր արևելյան որոշ հարևաններ շատ են խոսում այն մասին, որ հայ ժողովուրդ երբևէ գոյություն չի ունեցել, իսկ հայկական հողերը Ադրբեջանի տարածքներ են։ Այս ատլասը հերքում է բոլոր նրանց պնդումները՝ ներկայացնելով Հայաստանի ողջ պատմությունը՝ հնագույն ժամանակներից, միջնադարից մինչ մեր օրերը», - ընդգծեց պատմության ինստիտուտի տնօրենը։
Նա ավելացրեց, որ միաժամանակ ատլաստը պատկերացում է տալիս հայկական ազգային խնդիրների մասին՝ տեղեկատվություն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայ Առաքելական եկեղեցու և նրա թեմերի մասին։
260 էջանոց Հայաստանի ազգային ատլասի երկրորդ հատորը հրատարակվել է 2,5 հազ. օրինակով, որոնք կտրամադրվեն կրթական հաստատություններին, գիտական ինստիտուտներին, գրադարաններին։ Ատլասի էլեկտրոնային տարբերակը կտեղադրվի նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կայքում։
Ազգային ատլասի առաջին հատորը հրատարակվել է 2007 թ.-ին և պարունակում է 65 քարտեզ։-0-