Հայաստանը բանակցություններ է վարում իր հիմնական գործընկերների հետ երկրի տնտեսության աջակցության համար վարկերի տրամադրման վերաբերյալ. Ֆինանսների նախարար
Հայաստանը բանակցություններ է վարում իր հիմնական գործընկերների հետ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում երկրի տնտեսության աջակցության համար վարկերի տրամադրման վերաբերյալ, «ԱՌԿԱ» հայկական լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ մենկանաբելով իր ռուս գործընկեր Ալեքսեյ Կուդրինի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին գլոբալ ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով կայունացման վարկ տրամադրելու համար։
«Հայաստանը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում երկրի տնտեսության աջակցության համար վարկերի տրամադրման մասին բանակցություններ է վարում իր հիմնական առևտրատնտեսական և ֆինանսական գործընկերների հետ՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափում՝ ներառելով Համաշխարհային Բանկն ու այլ միջազգային կառույցները։ Բանակցություններ են ընթանում նաև Ռուսաստանի հետ», - ասաց Դավթյանը։
Նրա խոսքերով, այդ բանակցություններում որևէ նոր բան չկա։
«Մենք միշտ օգտվել ենք արտաքին վարկավորման, Հայաստանի տնտեսության համար արտոնյալ և ընդունելի պայմաններում արտաքին փոխառությունների ստացման հնարավորություններից», - ասաց Դավթյանը։
Նրա խոսքերով, դա Հայաստանի տնտեսական քաղաքականության մի մասն է։
Միաժամանակ ՀՀ ֆինանսների նախարարը նշեց, որ փոխառությունների ընդհանուր գումարի մասին խոսելը դեռ վաղ է։
«Դեռևս ընթանում է բանակցային գործընթացը մեր գործընկերների և դոնորների հետ, այդ պատճառով ընդհանուր գումարի չափն ասել դեռ վաղ է։ Բանակցությունների ավարտից հետո, մենք, իհարկե, այդ մասին կասենք», - նշեց նախարարը։
Նրա խոսքերով, խոսքը բավականին զգալի ծավալների մասին է, որոնք թույլ կտան Հայաստանի տնտեսությանը հաջող կերպով հաղթահարել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հնարավոր հետևանքները։
Նա ասաց, որ վաղ է խոսել նաև Ռուսաստանից ստացվող գումարների և միջոցների ստացման պայմանների մասին։
Նախարարը նշեց, որ վարկերի մասին իրավիճակը կարող է պարզվել մոտակա շաբաթվա ընթացքում։
Մասնավորապես, նրա խոսքերով, Համաշխարհային բանկի հետ ճշտվում են մոտակա չորս տարվա համար վարկավորման ծավալները։
«Մենք բանակցություններ ենք վարում տարբեր գործընկերների հետ, և նրանք փոխկապակցված են, սակայն վարկային աջակցությունը զգալի կլինի», - ընդգծեց նախարարը։-0-