ՀՀ նախագահը ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Երևանի կոնյակի գործարանի զարգացման ծրագրերը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ընդունել է «Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպա» ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Լաբորդին, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին և նախկին գործադիր տնօրեն Սեդրիկ Ռետայոյին, հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Երևանի կոնյակի գործարանը հիմնադրվել է 1887 թ.-ին։ Ժամանակակից գործարանային համալիրը գործում է 1953 թ.-ից։ 1998 թ.-ին ԵԿԳ ընդգրկվել է Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային կորպորացիայի խմբի կազմում, որը ալկոհոլային խմիչքների մի շարք հանրահայտ ապրանքանիշերի սեփականատերն է և աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ալկոհոլային խմիչքների արտադրության ու վաճառքի ցուցանիշներով։ Պեռնո Ռիկար ընկերությունը ԵՀԳ ձեռք է բերել միջազգային մրցույթում 30 մլն դոլարով։
«ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Սեդրիկ Ռետայոյին Հայաստանի Հանրապետությունում ծավալած արդյունավետ գործունեության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի կոնյակի գործարանի առաջիկա ծրագրերն ու ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԵԿԳ ներկայիս ղեկավար Արա Գրիգորյանը 2001 թ.-ի հունվարից ղեկավարել է Պեռնո Ռիկար ընկերության ուկրաինական և բելառուսական ներկայացուցչությունները։ ԵԿԳ գլխավոր տնօրենի պաշտոնը Գրիգորյանը համատեղելու է «Պեռնո Ռիկար Մինսկ» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնի հետ։ —0--