Հայ ազգայնականները երկրի իշխանություններից պահանջում են դատապարտել Իսրայելի գործողությունները
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է դատապարտի Իսրայելի գործողությունները Պաղեստինի ժողովրդի նկատմամբ, կարծում է Հայաստան-Սփյուռք կապերի նախաձեռնության ղեկավար, Հայ ազգայնականների համախմբում անդամ Րաֆֆի Բաբակյանը։
«Ամբողջ աշխարհը բողոքի ձայն է բարձրացրել պաղեստինցի ժողովրդի ցեղասպանության դեմ, Հայաստանը ևս պետք է աներ դա առաջինների թվում ոչ միայն այն պատճառով, որ հենց հայ ժողովուրդը ժամանակին ենթարկվել է ցեղասպանության, այլև ելնելով սեփական շահերից»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Բաբակյանը։
Մասնավորապես, նրա խոսքերով, «Իսրայելը, լինելով զենքի առևտրով զբաղվող խոշորագույն երկրների թվում, Ադրբեջանին միլիոնավոր դոլարների հարձակողական զենք է մատակարարում» այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտ կերպով սպառնում է Ղարաբաղյան հիմնահարցը լուծել ռազմական ճանապարհով։
Բաբակյանը նշեց, որ հայ ազգայնականները աջակցելու են Պաղեստինի դեմ ռազմական ակցիա կազմակերպած իսրայելական պետության ղեկավարության դատապարտմանն ուղղված ջանքերին։
Իսրայելի օպերացիան Գազայի հատվածում, որի նպատակը, ըստ իսրայելական կողմի, պաղեստինցիների հրթիռաականանետային կրակոցների դադարեցումն էր, սկսվեց 2008 թ.-ի դեկտեմբերի 27-ին և ավարտվեց անցյալ կիրակի՝ խլելով գրեթե 1,3 հազար պաղեստինցու կյանք, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ էին։ Պաղեստինցի բժիշկների տվյալներով, վնասվածքներ է ստացել շուրջ 4,5 հազար մարդ։ --0--