«Յոթի գործով» մեղադրյալներն իրենց պահվածքով հարվածի տակ են դնում երկրի հեղինակությունը. պատգամավոր
Երևանում մարտյան անկարգությունների վերաբերյալ «յոթի գործով» մեղադրյալները դիտավորյալ ձգձգում են դատավարությունը մինչև ԵԽԽՎ նստաշրջանի սկսելը, որի ժամանակ կքննարկվի հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը՝ իրենց քայլով հարվածի տակ դնելով երկրի հեղինակությունը, հինբգշաբթի մամուլի ասուլիսին ասաց գրող, հրապարակախոս, ՀՅԴ խմաբկցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:
ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովը մարտի 1-2-ի դեպքերի հետաքննության կապակցությամբ դեկտեմբերի 17-ին առաջարկել է ութ հոգուց բաղկացած հայկական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Որոշումն ընդունվել է Ժորժ Կոլոմբյեի ու Ջոն Պրեսկոտի՝ Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի պահանջների իրականացման վերաբերյալ զեկույցի հիման վրա:
«Յոթի գործով» մեղադրյալներն իրենց ոչ թե քաղբանտարկյալների, այլ խուլիգանների պես են պահում: Իրենց պահելաձևով նրանք պետք է ապացուցեն, որ իրենք քաղբանտարկյալներն են»,- նշեց Պետրոսյանը: Նրա խոսքերով, չի կարելի պետության հետ խոսել սպառնալիքի լեզվով և անհարգալից վերաբերմունք ցուցաբերել դատարանի նկատմամբ:
«Պայքարի նման ձևն անընդունելի է»,- նշեց նա: Վերջին դատական նիստը կայացել է հունվարի 16-ին և տևել ընդամենը մի քանի րոպե, որի ընթացքում դատավորը հայտարարել է, որ «դատարանը որոշեց դատարանից հեռացնել մեղադրյալներին և դատական նիստը հետաձգել մինչև հունվարի 30-ը»՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալները ոտքի չեն կանգնում դատավորի՝ դահլիճ մտնելիս և չեն ենթարկվում նրա կարգադրություններին:
Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։
Բացի այդ, դատարանը քննում է գործը՝ ըստ մեղադրանքի ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով:
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, արմատական ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, վիրավորվել 200-ը։ –0-