ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել «Խոյ» հուշադրամը «Կենդանակերպի նշաններ» շարքից
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել «Խոյ» հուշադրամը։ Ինչպես Հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հուշադրամները թողարկվել են «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում։
Հաղորդագրության համաձայն, թողարկվել է 10 հազար ոսկե հուշադրամ՝ յուրաքանչյուրը 10 000 դրամ անվանական արժեքով։ Հուշադրամը պատրաստված է 900-րդ հարգի ոսկուց, 22 մմ տրամագծով, 8,6 գրամ քաշով։
Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև շրջագծով հայերեն և անգլերեն անվանական արժեքի մակագրությունն է՝ «DRAM 10000 ԴՐԱՄ»: Շրջանագծերի միջև դաշտը բաժանված է տասներկու հավասար մասերի, որոնցում պատկերված են կենդանակերպի նշանների գրաֆիկական խորհրդանիշները: Եզրաշուրթի մոտ վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն շրջանագծով մակագրված են համապատասխանաբար՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»։
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում աստղային երկնքի ֆոնի վրա «Խոյ» կենդանակերպի նշանի պատկերն է: Շրջանագծի և եզրաշուրթի միջև վերևում լատիներեն, իսկ ներքևում ռուսերեն նշված է համաստեղության անվանումը համապատասխանաբար՝ «ARIES» և «Овен»: Դարձերեսի դաշտի ձևավորման համար օգտագործվել են գունավոր ներկեր:
Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում: Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ու. Վալեժակը: -0-