2008 թ.-ին ԵՍԶՈւ շրջանակներում Հայաստան է այցելել օտարերկրյա պետությունների ութ տեսչական խումբ. ԱԳՆ հաշվետվություն

22.01.2009, 13:31
2008 թ.-ին ԵՍԶՈւ շրջանակներում Հայաստան է այցելել օտարերկրյա պետությունների ութ տեսչական խումբ. ԱԳՆ հաշվետվություն

Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒ) և 1999թ. Վիեննայի փաստաթղթի շրջանակներում՝ 2008 թ.-ին Հայաստան է այցելել օտարերկրյա պետությունների ութ տեսչական խումբ, ասվում է ՀՀ ԱԳՆ 2008 թ. տարեկան հաշվետվության մեջ։

Բացի այդ, ըստ հաշվետվության, համաձայն Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագրի և 1999թ. Վիեննայի փաստաթղթի պահանջների, Վիեննա՝ Համատեղ խորհրդատվական խմբին, ինչպես և ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնին է տրամադրվել համադրված ՀՀ ամենամյա ռազմական տեղեկատվությունը:

«Տարվա ընթացքում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ համապատասխան բանաձևերի համաձայն ներկայացվել է ահաբեկչության դեմ պայքարի, տարբեր սպառազինությունների արտահանման և ներմուծման, ռազմական ծախսերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն», - ասվում է հաշվետվության մեջ։

«Տարբեր միջազգային ատյաններում Հայաստանը շարունակաբար բարձրացրել է Ադրբեջանի կողմից ԵՍԶՈՒ նախատեսվող սպառազինությունների առաստաղների կոպիտ խախտումների փաստը: ՀՀ մտահոգությունը կիսվել է ԵԱՀԿ անդամ մի շարք պետությունների կողմից», - ընդգծվում է փաստաթղթում։-0-