Հայաստանը հաստատակամ է չեզոքացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ճանապարհի խոչընոտները. ԱԳՆ հաշվետվություն

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը հաստատակամ է չեզոքացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ճանապարհին ստեղծվող խոչընոտները, ասվում է ՀՀ ԱԳՆ 2008 թ. տարեկան հաշվետվության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ 2008 թ.-ին Հայաստանի նոր ղեկավարությունը (որը ձևավորվել էր 2008 թ.-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո – «Նովոստի-Արմենիա») հավատարիմ մնալով արտաքին քաղաքականության շարունակականությանը՝ հայտարարեց արցախյան հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու, բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և Մադրիդյան առաջարկությունների հիման վրա շարունակելու պատրաստակամության մասին` ընդգծելով այդ գործընթացին արցախյան կողմի լիակատար մասնակցության անհրաժեշտությունը:
Միաժամանակ ՀՀ արտգործնախարարությունում հիշեցրել են, որ 2008 թ.-ի փետրվարին Ադրբեջանը ՄԱԿ-ում ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի էությունը խեղաթյուրող և Ադրբեջանի տեսակետները միակողմանիորեն արտահայտող բանաձևի նախագիծ, որը ՄԱԿ ԳԱ քննարկմանը դրվեց մարտին։
«Բանաձևը թեև ընդունվեց 39 կողմ քվեարկած ձայներով, այնուամենայնիվ բանաձևին դեմ քվեարկեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանի Դաշնությունը։ Ադրբեջանի առաջարկած բանաձևի նախագիծը չպաշտպանեցին ՄԱԿ-ի անդամ պետությունների գերակշիռ մեծամասնությունը, այդ թվում` ԵՄ անդամ բոլոր երկրները», - ասվում է փաստաթղթում։
Հաշվետվության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը փորձեր կատարեց ներկայացնել ՄԱԿ-ի ԳԱ բանաձևը որպես բանակցությունների հիմք՝ ժխտելով Մադրիդյան առաջարկությունների գոյությունը և ջանաց լուծարել Մինսկի խմբի բանակցային ձևաչափը:
Փաստաթղթում նաև նշվում է, որ 2008թ. տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկու հանդիպում՝ հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում ու նոյեմբերի 2-ին Մոսկվայում:
«Մոսկովյան հանդիպումը, որ կազմակերպվել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ և նախաձեռնությամբ, կարևոր հանգրվան էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար», - ասվում է հաշվետվության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից հանդիպման արդյունքում ստորագրվեց հռչակագիր, որը նախատեսում է բանակցությունների շարունակումը Մինսկի խմբի շրջանակներում և մադրիդյան առաջարկությունների հիման վրա միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված և միջազգային երաշխիքներով ամրապնդված ԼՂ հիմնախնդրի խաղաղ քաղաքական կարգավորում: Հռչակագրում կարևորվում է նաև վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկումը։
Հաշվետվության մեջ նաև ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանձնարարությամբ երկու երկրների արտգործնախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիների շուրջ բանակցությունները: 2008 թ.-ին տեղի է ունեցել արտգործնախարարների 7 հանդիպում:
«Չնայած շարունակվող ակտիվ բանակցություններին՝ ադրբեջանական կողմը շարունակեց խեղաթյուրել բանակցային գործընթացի ողջ էությունը՝ շարունակաբար շեշտը դնելով միջազգային իրավունքի միայն մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում էր հայտարարել ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծման հնարավորության մասին», - ասվում է հաշվետվության մեջ։
ՀՀ արտգործնախարարությունում հիշեցրել են, որ 2008 թ.-ի դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով ընգծվում է Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում ձևավորված դրական միտման պահպանման կարևորությունը: Հայտարարությունում հատուկ շեշտվում է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Բացի այդ, դեկտեմբերի 4-5-ը Հելսինկիում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի 16-րդ հանդիպումն ընդունեց հայտարարություն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ, որտեղ ողջունելով Մոսկվայի հռչակագիրը՝ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարները կոչ են անում շարունակել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում ու Մարդիդյան առաջարկությունների հիման վրա: Արտգործնախարարները կոչ են անում ձեռնամուխ լինել խաղաղության համաձայնագրի մշակմանը և կոնկրետ քայլեր ձեռնարկել զինադադարն ամրապնդելու համար:
«Հայաստանը հաստատակամ է չեզոքացնելու բանակցային գործընթացի առաջընթացի ճանապարհին ստեղծվող խոչընոտները և շարունակելու բանակցությունները Մոսկովյան հռչակագրի և Հելսինկիում ընդունված հայտարարությունների ոգուն համապատասխան», - ընդգծվում է ՀՀ ԱԳՆ հաշվետվության մեջ։-0-