Հայաստանը հավատարիմ է մնում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման քաղաքականությանը. ԱԳ նախարար

22.01.2009, 10:41
Հայաստանը հավատարիմ է մնում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման քաղաքականությանը. ԱԳ նախարար
Հայաստանը հավատարիմ է մնում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման քաղաքականությանը. ԱԳ նախարար

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործում Հայաստանն ակտիվ ուղղություն է վերցրել՝ հավատարիմ  մնալով առանց նախապայմանների հարարաբերությունների հաստատման սկզբունքին, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը:

«Մենք նախաձեռնող քաղաքականություն ենք վարում հայ-թուրքական հարաբերություններում, մեր մոտեցումը մնում է նույնը, ինչ որ անցյալում էր, այն է՝ հարաբերությունների հաստատում և սահմանների բացում առանց որևէ նախապայմանի», - չորեքշաբթի լրագրողներին ասել է Նալբանդյանը։

Նախարարը նշել է, որ Հայաստանը նմանատիպ մոտեցում է ակնկալում նաև Թուրքիայից։ «Այդ դեպքում մենք իսկապես մոտ ապագայում կարող ենք երկկողմ հարաբերություններ հաստատել», - ընդգծել է նա։

Միաժամանակ Նալբանդյանը նշել է, որ հայ-թուրքական երկխոսությունը շարունակություն է ստացել բազմաթիվ հանդիպումների ընթացքում, այդ թվում նաև վերջին ամիսների ընթացքում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների  հինգ կամ վեց հանդիպումների ընթացքում։

«Սակայն երբ ինչ-որ «հավաստի» աղբյուրներ տեղեկատվություն են հրապարակում այն մասին, որ «ամսի հինգին դիվանագետների միջև հանդիպում է տեղի ունեցել այսինչ քաղաքում», ես՝ որպես արտգործնախարար, կարող եմ հաստատել մեր գերատեսչության մամուլի քարտուղարի խոսքերը, ով ասում է, որ դրանք ոչ թե հավաստի աղբյուրներ են, այլ թյուրիմացություն», - ասել է նա

Նալբանդյանն ընդգծել է, որ գաղտնիք չէ, որ հարաբերությունները կարգավորելու համար բազմաթիվ հանդիպումներ են պետք և բազմաթիվ շփումներ են պետք տարբեր մակարդակներում։

«Ես կիսում եմ այն կարծիքը, որ հայտնել է Բաբաջանը, որ մենք շատ մոտ ենք հարցի լուծմանը՝ հարաբերությունների կարգավորմանը։ Շատ մոտ ենք և կարող ենք հաջորդ քայլն անել, սակայն եթե Թուրքիան դրսևորի նույն մոտեցումը՝ առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները», - ասել է նա։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Հայաստանն ինչ գին է պատրաստ վճարել հայ–թուրքական հարաբերությունների բարելավման համար՝ Նալբանդյանը զարմանք է հայտնել, որ Հայաստանում հնչում է գրեթե նույն հարցը, ինչ Թուրքիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ի՞նչ գնի մասին է կարող է խոսք լինել։ Թուրքիան մեզ լավություն չի անում՝ հարաբերություններ հաստատելով և սահմաններ բացելով։ Դա  ոչ պակաս էլ պետք է Թուրքիային», - ընդգծել է Նալբանդյանը։-0-