Թուրք հասարակությունը պետք է ավելի հստակ դիրքորոշում արտահայտի Հայոց ցեղասպանության վերաբերյալ. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Թուրք հասարակությունը պետք է ավելի հստակ դիրքորոշում արտահայտի Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրել հորդորող արշավի շրջանակներում, ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Դեկտեմբերի կեսերին Թուրքիայի մտավորականության շուրջ 200 ներկայացուցիչներ՝ իրենց www.ozurdiliyoruz.com կայքում հրապարակել են համատեղ մի հայտարարություն, որում կոչ են արել վերացնել բազմամյա անարդարությունը՝ կապված պաշտոնական Անկարայի հետ, որը հրաժարվում է ընդունել 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում (որի իրավահաջորդը ժամանակակից Թուրքիան է) տեղի ունեցած ողբերգական դեպքերը, որոնց ժամանակ սպանվել է շուրջ 1,5 միլիոն հայ:
«Դրանք մարդիկ են, որոնք գիտեն ճշմարտությունը և չեն վախենում այդ առնչությամբ իրենց կարծիքն արտահայտել։ Այս ակցիայի նախաձեռնողները իսկապես խիզախ քայլ են արել, և մենք տեսնում ենք, թե ինչպիսի վտանգի են նրանք իրենց ենթարկում։ Բայց սա առաջին քայլն է, որին կհետևեն բավականին լուրջ գործողություններ»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Սաֆրաստյանը։
Այս առնչությամբ նա պարզաբանեց, որ, մասնավորապես, Թուրքիայում խուսափում են «ցեղասպանություն» եզրից։
«Ես ծանոթ եմ այս արշավի մի քանի նախաձեռնողների հետ, որոնցից մեկը կողմ է օգտագործել ոչ թե «ցեղասպանություն» եզրը, այլ «էթնիկ զտումներ», ընդ որում այդ մոտեցումը արտահայտվել է նաև բաց նամակի էջերում»,- ասաց նա։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-