Լեռնային Ղարաբաղը միշտ գտնվել է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շրջանակներում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շրջանակներից դուրս, կարծում է «Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը։
«Իհարկե, մենք չենք տեսել բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչին, սակայն մենք միշտ նկատել ենք միջնորդների և հայկական պետության ղեկավարների անուղղակի շփումները ԼՂՀ քաղաքական ղեկավարության հետ»,- ասաց Հարությունյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսում։
Միաժամանակ, Հարությունյանի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների բաց մասնակցությունը բանակցային գործընթացում, անկասկած, դրական կլինի։
Բացի այդ, ՔԴՄ առաջնորդը նշեց, որ չի կարող լինել ղարաբաղյան հիմնախնդրի որևէ լուծում՝ առանց հաշվի առնելու ԼՂՀ ղեկավարության և ժողովրդի կամքը։
Հարությունյանը կարծում է, որ իրականում կան համգամանքներ, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի արդյունքների վրա՝ խոչընդոտելով դրա լուծմանը։
Առաջին հերթին, ըստ նրա, ադրբեջանական կողմը չի կամենում հաշվի նստել 20 տարի առաջ ստեղծված ռեալ իրավիճակի հետ, այն է՝ արցախցիների ինքնորոշման իրավունքի հետ։
«Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել, որ կա անկախ Ղարաբաղ, որ կա Արցախի ազատ ինքնորոշման իրավունք, և այդ իրավունքի իրականացման խնդիրը, ուզած թե չուզած, պետք է համաձայնեցնել»,- պարզաբանեց Հարությունյանը։
Որպես երկրորդ հանգամանք Հարությունյանը նշեց երկու երկրների քաղաքական առաջնորդների, գործիչների և ժողովուրդների վստահության պակասը։ Ընդ որում, տվյալ խնդիրը, նրա կարծիքով, պետք է լուծեն, առաջին հերթին, երկրների ղեկավարները։
«Դժբախտաբար, այս ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում առանց թաքցնելու խոսում են ռազմական ճանապարհով և ամեն գնով խնդրի լուծման մասին՝ սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար»,- նշեց նա։
Ավելին, ըստ նրա, նման հարցադրումը դիտարկվում է գրեթե որպես ազգային գաղափարախոսություն։
Այսպիսով Հարությունյանը եզրահանգում է, որ որևէ առաջխաղացում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունում չի նկատվում։
«Միևնույն ժամանակ դրական է այն, որ միջազգային հանրությունը վերջապես հասկացավ, որ հնարավոր չէ ղարաբաղյան հիմնախնդրի որևէ լուծում, եթե այն հաշվի չի առնում արցախցիների ինքնորոշման իրավունքը»,- ասաց նա։
Քաղաքական գործիչը նշում է նաև, որ խոշոր խաղացողներին ավելի շատ հետաքրքրում է ոչ այնքան ղարաբաղյան հակամարտության լուծումը, որքան կարգավորման գործընթացը, քանի որ դա հնարավորություն է տալիս մշտապես գտնվել Հարավային Կովկասում՝ մի տարածաշրջան, որի աշխարհաքաղաքական դերը չի կարելի թերագնահատել։
Հարությունյանը գտնում է, որ «հայկական կողմի մոտեցումները հակամարտության կարգավորման գործընթացում պետք է պարունակեն հետևյալ պահերը. ինքնորոշում հանրաքվեի միջոցով՝ Ղարաբաղի Սահմանադրությամբ հաստատված տարածքներում, ԼՂՀ անվտանգության երաշխավորում ոչ միայն միջազգային կառույցների, այլև Հայաստանի կողմից, ցամաքային սահմանի առկայություն Հայաստանի և Ղարաբաղի միջև, ինչը հնարավորություն կտա իրավիճակին համապատասխան պաշտոնական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին»։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։-0-