Արտաքին գործերի նախկին փոխնախարարը նշանակվել է ՀՀ խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Արտաքին գործերի նախկին փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը նշանակվել է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ազգային ժողովի աշխատակազմի կադրերի կառավարման վարչությունից, Ղարիբջանյանը նշանակվել է նոր պաշտոնում երկուշաբթի՝ հունվարի 19-ին։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարի 19-ի հրամանագրով Գեղամ Ղարիբջանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Գեղամ Ղարիբջանյանը ծնվել է 1951 թ.-ի հոկտեմբերի 2-ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, իսկ 1994-ին՝ Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանի (USC) կառավարման բարձրագույն դասընթացները։
Տարբեր տարիների զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովման փոխնախարարի, հայկական խորհրդարանի պատգամավորի պաշտոնները (1995-1999թթ.)։
1999թ.-ի հունվարից մինչև 2004թ. դեկտեմբեր զբաղեցրել է Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, 2001-2004թթ.՝ Քաթարում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը (նստավայրը՝ Թեհրան)։
1999թ. հունվարի 14-ին Ղարիբջանյանին շնորհվել է «Արտակարգ և Լիազոր դեսպան» դիվանագիտական աստիճանը։
2005թ. հունվարի 13-ից զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ -0-