ՀՀ վարչապետն առաջարկում է սննդամթերքի որոշ տեսակներ ներկրելու փոխարեն սեփական արտադրություն սկսել

21.01.2009, 15:42
ՀՀ վարչապետն առաջարկում է սննդամթերքի որոշ տեսակներ ներկրելու փոխարեն սեփական արտադրություն սկսել
ՀՀ վարչապետն առաջարկում է սննդամթերքի որոշ տեսակներ ներկրելու փոխարեն սեփական արտադրություն սկսել

Հայաստանը կարող է բազմաթիվ ապրանքներ ներմուծելու փոխարեն կազմակերպել սեփական արտադրություն կամ ընդլայնել գոյություն ունեցող ձեռնարկությունների հզորությունները, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սննդի արդյունաբերության վերամշակման ոլորտի խնդիրներին և զարգացման հնարավորություններին նվիրված խորհրդակցության ժամանակ։  

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, քննարկմանը մասնակցել են ագրովերամշակման ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարներ և շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Վարչապետը նշել է, որ ուսումնասիրությունների համաձայն, քննարկվող ոլորտում կա բավականին լուրջ ներուժ, որը մասնավոր հատվածի հետ պետության համատեղ ջանքերով լիարժեք օգտագործելու դեպքում 2009թ. և հետագա տարիներին հնարավոր կլինի ապահովել ոլորտի բնականոն զարգացումը։

«Առաջին հերթին եթե մենք նայենք, թե ինչ ապրանքներ ենք մենք ներմուծում ՀՀ, նաև` այդ ապրանքների և քանակը, և որակական հատկանիշները, կտեսնենք, որ մեր սննդի վերամշակման ոլորտում կան բավականին լուրջ անելիքներ»,- ասաց վարչապետը։

«Հասկանալի է, որ այստեղ անհրաժեշտ են համատեղ ջանքեր, և անհրաժեշտ է առաջին հերթին պետության աջակցությունը», - ասաց Տիգրան Սարգսյանը:

Հայկական պետության ղեկավարը կարևորեց համատեղ քննարկումների արդյունքում ոլորտի առաջնային ուղղությունների և պետության հնարավոր աջակցության հստակեցումը` նպատակ ունենալով սննդի արդյունաբերության մեջ լուրջ առաջընթաց արձանագրել:

Վարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունում արդեն որոշակի հաշվարկներ կատարվել են` պարզելու, թե հիշյալ ոլորտում գործող ձեռնարկությունների հզորությունները քանի տոկոսով կարող են ավելանալ ըստ ապրանքատեսակների, բայց ոլորտի ներկայացուցիչներից անմիջականորեն տեղեկանալը մտահոգիչ խնդիրների և զարգացման առաջարկությունների մասին ավելի իրատեսական կդարձնեն կայացվելիք որոշումները:

Ոլորտում տիրող իրավիճակի և զարգացման հնարավորությունների առնչությամբ արտահայտվել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել ներկայացված տեսակետին, ըստ որի այսօր սննդի արդյունաբերության ոլորտում ներկրողների հնարավորությունները, պայմանավորված բազմաթիվ գործոններով, ավելին են, քան տեղական արտադրողներինը, ինչը չի խթանում արտադրության ընդլայնումը:

Բոլոր խնդիրները և գյուղատնտեսության նախարարության ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների առաջարկությունները քննարկելուց հետո վարչապետը երկօրյա ժամկետ է տվել ՀՀ էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարություններին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին` դրանք ամփոփելու և միջոցառումների ծրագիր ներկայացնելու համար:--0--