ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ նախագահի և արտգործնախարարի հետ կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

20.01.2009, 12:34
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ նախագահի և արտգործնախարարի հետ կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ արտգործնախարարության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) և Մեթյու Բրայզան (ԱՄՆ) նախօրեին ժամանել են Երևան։

Հունվարի 19-ին համանախագահները գտնվում էին Բաքվում, որտեղ հանդիպել են Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։--0—