Հայաստանը նշում է հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 90-ամյակը
Հայաստանը երեքշաբթի նշում է հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 90-ամյակը։
Ինչպես ասվում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, այսօր Երևանում տեղի կունենա բանաստեղծուհու տուն-թանգարանի հանդիսավոր բացման արարողությունը, որի ընթացքում կցուցադրվի Արփինե Մովսիսյանի՝ նրան նվիրված ֆիլմի առաջին մասը։
Կապուտիկյանի ստեղծագործության երկրպագուները կայցելեն նաև Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում գտնվող բանաստեղծուհու շիրմին։
Սիլվա Կապուտիկյանը (1919-2006) 20-րդ դարի հայ խոշորագույն բանաստեղծուհին է, գրող և հրապարակախոս, ակադեմիկոս, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ։ Հայերեն և ռուսերեն լեզուներով ավելի քան 60 գրքերի հեղինակ է, որոնք նաև թարգմանված են աշխարհի շատ լեզուներով։ Կապուտիկյանը Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ է (1970), Վրացական ԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1980)։ Նա արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի (1988), Ավետիք Իսահակյանի և Հր. Աճառյանի անվան մրցանակների, «Նոսիդե» իտալական մրցանակի, «Սրբ.Մեսրոպ Մաշտոց», «Սրբ.Սահակ և Սրբ.Մաշտոց», «Օլգա իշխանուհի» (Ուկրաինա) շքանշանների, «Տարվա կին» կոչմանը (1998 թ., Քեմփրիջի աշխարհագրական ինստիտուտ), «Պեն-կլուբ» ինտելեկտուալների միջազգային ակումբի անդամ է։
1952 թ.-ին Կապուտիկյանն արժանացել է Ստալինյան մրցանակի (ԽՍՀՄ պետական մրցանակ)։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, «Աշխարհի երկրների հոգևոր միասնության» և «Բնության և հասարակության հարցերի» ակադեմիանների անդամ է։-0-