ԵՄ-ն պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. եվրահանձնակատար

19.01.2009, 19:56
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. եվրահանձնակատար
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. եվրահանձնակատար

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, երկուշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների և Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները (Benita Ferrero-Waldner)։

«Մենք միշտ և ես անձամբ շահագրգռված ենք եղել հակամարտության կարգավորմամբ և փորձել ենք օգտակար լինել դրա լուծմանը։ ԵԱՀԿ-ում իմ նախագահության ընթացքում ես առաջին անգամ այցելել եմ տարածաշրջանի հակամարտող բոլոր երկրներ և ուրախ կլինեի, եթե կողմերը հակամարտության լուծման ուղիներ են գտել»,- ասաց նա։

Եվրահանձնակատարի խոսքերով, Ղարաբաղյան հակամարության լուծման ուղղությամբ վերջին մոսկովյան ու հելսինկյան հանդիպումները օգտակար են եղել։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները նոյեմբերի 2-ին ստորագրել են հռչակագիր, որտեղ կողմերը պատրաստակամություն են հայտնում նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով:

Հելսինկիում ԵԱՀԿ ԱԳՆ Խորհրդի նիստի շրջանակներում դեկտեմբերի 4-ին կայացավ ՄԽ համանախագահների և Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։

«Հուսով եմ, որ մոտ ապագայում դեռ կանցկացվեն նման հանդիպումներ»,- ավելացրեց Ֆեռերո-Վալդները։  

Ինչպես նա ընդգծեց, հակամարտությունը լուծելը չափազանց կարևոր է, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է միայն քաղաքական լինի։

«Ես միշտ դատապարտում են ռազմատենչ հռետորականությունը։ ԵՄ-ն պատրաստ է երկրների զարգացմանն աջակցելու միջոցով օժանդակել հակամարտության խաղաղ լուծմանը»,- ընդգծեց նա։

Հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ Ֆեռերո-Վալդները հիշեցրեց, որ գոյություն ունեն տարածքային ամբողջականության և ազգի ինքնորոշման իրավունքի սկզբունքները, սակայն Ղարաբաղյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ է փոխզիջում գտնել։  

«Կողմերը պետք է որոշակի ճկունություն դրսևորեն»,- ասել է հանձնակատարը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։--0--