ՀՀ սփյուռքի նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հրանտ Դինքի հիշատակին
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ծաղիկներ է դրել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով Հրանտ Դինքի հիշատակին, որի սպանության երկրորդ տարիլիցն է նշվում այսօր։
«Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին՝ Ստամբուլի իր գրասենյակի դիմաց։ Հրանտ Դինքը Թուրքիայում մեծ հռչակ է ձեռք բերել իր սուր նյութերի շնորհիվ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության մասին, ինչի համար բազմիցս հետապնդվել է իշխանությունների կողմից:
«Հրանտ Դինքը արդարության, ազատության, ժողովրդավարության և հանդուրժողականության խորհրդանիշ էր, և արմատական ուժերը չկարողացան ներել նրան»,- հայտարարեց նախարարը՝ ավելացնելով, որ Հրանտ Դինքն իր մահով նպաստեց Թուրքիայում ժողովրդավարության ու ազատության համար պայքարի սաստկացմանը։
Լրագրողի սպանությունը իր իսկ թերթի խմբագրատան մուտքի մոտ լայն արձագանք գտավ ամբողջ աշխարհում։
Նախարարը նշեց նաև, որ Հրանտ Դինքի հուղարկավորությունը, ինչպես նաև Թուրքիայում տեղի ունեցած հետագա դեպքերը (Թուրքիայի մտավորականության որոշ ներկայացուցիչների կոչը՝ հրապարակավ ներողություն խնդրել 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանության համար) ցույց տվեցին, որ Թուրքիայում Դինքի գաղափարկիցները շատ են, և նրանց թիվն օրեցօր ավելանում է։
Հրանտ Դինքի հիշատակը հարգելու էին եկել Հայաստանի տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք սգո ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հուշարձանին։
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-