Հայոց Ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից չի խանգարի Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններին. Դաշնակցություն
Հայաստանը պետք է հստակ հասկացնի ԱՄՆ-ին, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը նրանց կողմից չի խանգարի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացմանը, հայտարարեց Հայ Հեղափոխական դաշնակցության քաղաքական հարցերով Հայ Դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
«Թուրքիան պահանջում է, որ ԱՄՆ-ը և նախագահ Օբաման չօգտագործեն «ցեղասպանություն» բառն այն դեպքերի առնչությամբ, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, քանի որ դա կարող է բացասաբար ազդել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վրա։ Նման իրավիճակում Հայաստանը պետք է պարզ հասկացնի, որ դա ոչ միայն չի խանգարի, այլ նույնիսկ ընդհակառակը, կօգնի հարաբերությունների զարգացմանը»,- ասաց նա երկուշաբթի մամուլի ասուլիսում։
Մանոյանի կարծիքով, ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման կարող է ճանաչել Հայոց Ցեղասպանությունն Իրաքի իրադարձությունների հետ կապված և այն պատկերացումներից ելնելով, որ ԱՄՆ-ին պետք է Իրաքի բոլոր հարևանների, այդ թվում նաև Թուրքիայի աջակցությունը։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ ֆինանսական ճգնաժամը ոչ մի կերպ չի կարող ազդել այն փաստի վրա՝ ճանաչու՞մ է, արդյոք, Օբաման Հայոց Ցեղասպանությունը, թե ոչ։
Մանոյանի խոսքերով, Հայաստանն այդ իրավիճակում պետք է կրկին հիշեցնի ԱՄՆ նորընտիր նախագահին իր ակնկալիքների մասին՝ ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-