Հայաստանը կկարողանա ԵԽԽՎ բանաձևի իրականացման դրական արդյունքներ գրանցել կազմակերպության հունվարյան նստաշրջանի ժամանակ. իշխանամետ կուսակցություն

19.01.2009, 17:09
Հայաստանը կկարողանա ԵԽԽՎ բանաձևի իրականացման դրական արդյունքներ գրանցել կազմակերպության հունվարյան նստաշրջանի ժամանակ. իշխանամետ կուսակցություն

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կկարողանա ԵԽԽՎ բանաձևի իրականացման դրական արդյունքներ գրանցել կազմակերպության հունվարյան նստաշրջանի ժամանակ, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին առաջարկել են դադարեցնել 8 պատգամավորից բաղկացած հայկական պատվիրակության ձայնի իրավունքը՝ կապված Երևանի մարտի 1-2-ի գործով քննության հետ:

Որոշումն ընդունվել է մոնիտորինգային հանձնաժողովի զեկուցողներ Ջոն Պրեսկոտի  ու Ջորջ Կոլոմբյեի ներկայացրած՝ Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի կատարման գործընթացի մասին զեկույցի հիման վրա, որում  ընդգրկված էին անձանց քրեական հետապնդման կետերի հանդեպ բացասական արձագանքներ, և միևնույն ժամանակ դրական էին գնահատված ԶԼՄ-ների, ընտրական բարեփոխումների նկատմամբ  Հայաստանի քայլերն ու Երևանում մարտի 1-2 դեպքերի փաստահավաք խմբի ստեղծումը։    

«Պատվիրակությունը պատրաստ է արժանապատվորեն  ներկայացնել Հայաստանը ԵԽԽՎ նստաշրջանին, և լիահույս ենք, որ մենք կկարողանանք բավականին դրական արդյունքներ արձանագրել նստաշրջանի ժամանակ»,- ասաց Զոհրաբյանը:

Նրա խոսքերով, Հայաստանին ոչ ոք չի ստիպել մտնել Եվրոպայի Խորհուրդ, և եթե երկիրն ընդունում է արժեքների այդ համակարգը, ապա պետք է առաջնորդվի այդ կառույցի խաղի կանոններով։

«Վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները ձեռնարկել են քայլեր, որոնք մենք կարող ենք միանշանակ ներկայացնել ԵԽԽՎ նստաշրջանում։ Բավարար կլինե՞ն, արդյոք, այդ քայլերը պատժամիջոցներ չկիրառելու համար, այս պահին ասել չեմ կարող»,-ասաց Զոհրաբյանը՝ լավատեսություն հայտնելով, որ ներկայացված տվյալները բավարար կլինեն։

Նա նշեց, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ նստաշրջանին կմեկնի ամբողջ կազմով, բացի ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից, ով հայտարարել է նիստին մասնակցելուց հրաժարվելու իր ցանկության մասին։  -0-