Հայկական կազմակերպությունը կոչ է անում բոլորին` միանալ «Տհաճ եթեր» ամենամյա մրցանակի հիմնադրման նախաձեռնությանը

16.01.2009, 17:33
Հայկական կազմակերպությունը կոչ է անում բոլորին` միանալ «Տհաճ եթեր» ամենամյա մրցանակի հիմնադրման նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական «Էքսպերտների միավորում» կազմակերպությունը կոչ է անում շահագրգիռ անձնանց՝ միանալ «Տհաճ եթեր» ամենամյա մրցանակի շնորհման նախաձեռնությանը, հայտնեց մրցանակի համակարգող Նարեկ Մալյանը։

«Մրցանակի նպատակն է, որ հասարակության ձայնը հեռուստաեթերի ձևավորման գործում գերակշռող դառնա և պայմաններ ստեղծվեն հեռուստահաղորդումների անվտանգ դիտման համար»,- ասաց Մալյանը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, Հայաստանի հեռուստատեսային կուլտուրան բախվել է ցածրորակ եթերի հետ, մրցանակներ շնորհվում են լավագույն եթերների և հաղորդումների համար, այն դեպքում, երբ հեռուստատեսության բացասական աշխատանքը ոչ մի կերպ չի գնահատվում։  

Մալյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում մեղավորներ պետք է փնտրել ոչ թե հեռուստաընկերությունների շրջանում, այլ մեր հասարակության ներսում։ «Հասարակությունն ինքը պետք է ասի, թե իրեն ինչ է դուր գալիս, թե թողարկվող հեռուստաարտադրանքից որը վերացնել, որը թողնել»,- նշեց Մալյանը։

Նա հայտնեց, որ երեք օրվա ընթացքում մրցանակի շնորհման նախաձեռնությանը միանալու դիմումը ստորագրել են հայ մտավորականության ավելի քան 50 ներկայացուցիչներ։

Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ քաղաքական ուժերին նախաձեռնության մեջ ներգրավելը չի դիտարկվում, քանի որ նրանք չեն ուզում «քաղաքականացնել տվյալ միջոցառումը»։ Միևնույն ժամանակ Մալյանն ավելացրեց, որ այս հարցը կքննարկվի հայտարարության տակ արդեն ստորագրած մտավորականության ներկայացուցիչների՝ չորեքշաբթի նախատեսվող ժողովի ժամանակ։

Մալյանը հայտնեց նաև, որ մրցանակների շնորհումը կանցկացվի մի քանի անվանակարգերով, մասնավորապես, «Ամենագռեհիկ հեռուստաարտադրանք», «Ամենատգետ հեռուստաեթեր», «Ամենացինիկ գովազդ»։

Նրա խոսքերով, անվանակարգերը կառանձնացվեն ամսական մոնիտորինգի հիման վրա, որի ընթացքում բնակչության սոցիոլոգիական հարցում կանցկացվի «ամենատհաճ» հեռուստատեսային դրվագների վերաբերյալ։

Մալյանն ասաց, որ եթե մտավորականության ստորագրած ներկայացուցիչների թիվը ավելի քան 200 մարդ կազմի, ապա դրվագների հարցումը նրանց շրջանում կանցկացվի, ում կարծիքը հասարակության համար առաջնահերթ է համարվում։ --0--