Երիտասարդության հարցերի և սպորտի նախարարն ընդունել է բրազիլացի վոլեյբելիստների պատվիրակությանը
Մարզիկները Հայաստանը կներկայացնեն նաև օլիմպիական խաղերի և այլ միջազգային մրցաշարերի ժամանակ։
Գրիգորյանը գոհունակություն հայտնեց, որ Բրազիլիայից լողափի ուժեղ վոլեյբոլիստներ հրավիրելու ԱՕԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միտքը, որը ծնվել էր Պեկինի Օլիմպիադայի ընթացքում, այսօր կյանքի կոչվեց։
«Շուտով դուք կհասկանաք, թե հարուստ ու հինավուրց պատմությամբ ինչպիսի հրաշալի երկիր եք ներկայացնելու»,- ասաց նախարարը։
Գրիգորյանը հույս հայտնեց, որ բրազիլացի մարզիկները պատվով կներկայացնեն Հայաստանը տարբեր միջազգային միցաշարերում և կօգնեն լողափի վոլեյբոլի զարգացմանը երկրում։
«Չնայած Հայաստանում օվկիանոս և ծով չկա, բայց Սևանա լիճը կա, որտեղ կարելի է զարգացնել լողափի վոլեյբոլը»,- նշեց նախարարը։
Իր հերթին բրազիլացի վոլեյբոլիստ Ռաֆայել Կամարան հավաստեց, որ մարզիկները կանեն ամեն բան՝ Հայաստանը պատվով միջազգային մրցաշարերում ներկայացնելու և երկրում լողափի վոլեյբոլը զարգացնելու համար։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանում իրենց ցուցաբերված ջերմ ընդունելության համար։
Կամարայի խոսքերով, սպորտն ընդահանրապես և լողափի վոլեյբոլը մասնավորապես շատ բարձր մակարդակում են գտնվում Բրազիլիայում։ Նա հույս հայտնեց, որ Հայաստանում ևս կհաջողվի լողափի վոլեյբոլը սիրողականից պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացնել։
Իր հերթին Հայաստանում Բրազիլիայի փոխհյուպատոս Հովսեփ Սեֆերյանը նշեց, որ հայերի և բրազիլացիների միջև շատ ընդհանուր բան կա, և բրազիլացի մարզիկները շատ արագ կհարմարվեն Հայաստանում։ --0--