«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը հունվարի վերջին-փետրվարի սկզբին կքննարկի պատգամավորական մանդատներից հրաժարվելու հարցը
«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության խորհուրդը հունվարի վերջին-փետրվարի սկզբին կքննարկի պատգամավորական մանդատներից հրաժարվելու հարցը, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
«Որոշում ընդունելիս հաշվի կառնվի ժողովրդի կարծիքը, առաջին հերթին այն մարդկանց, ովքեր վստահել են կուսակցությանը պատգամավորական մանդատները` օրենսդիր մարմնում իրենց շահերը պաշտպանելու համար: Ցանկացած որոշում կընդունվի պետության շահերից ելնելով»,- ընդգծեց Մարտիրոսյանը։
Խմբակցության ղեկավարը նշեց նաև, որ «Ժառանգությունը», որպես ընդդիմություն, կատարում է իր գործառույթները, և այն, որ իշխանության ներկայացուցիչները քննադատում են կուսակցության գործունեությունը, ևս մեկ անգամ վկայում է նրա աշխատանքի արդյունավետության մասին։ ««Ժառանգությունը» կատարում է իր առջև դրված բոլոր խնդիրները և ժողովրդին տված խոստումները»,- հավելեց Մարտիրոսյանը։
ՀՀ Ազգային Ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Վարդան Խաչատրյանն ավելի վաղ հայտնել էր, որ «Ժառանգությունը» հունվարի ընթացքում կորոշի խորհրդարանում իր հետագա գործունեության նպատակահարմարության հարցը։
«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը ՀՀ Ազգային Ժողովում ներկայացված է յոթ պատգամավորով և խորհրդարանի միակ ընդդիմադիր կուսակցությունն է։
Որպես նման որոշման հիմնական փաստարկ՝ կուսակցությունը նշում է իր չնչին ազդեցությունը երկրում ընթացող գործընթացների վրա։ -0-