Հայաստանում «յոթի գործով» դատական նիստը կրկին հետաձգվել է` դատարանի նկատմամբ ամբաստանյալների անհարգալից վերաբերմունքի պատճառով

16.01.2009, 15:21
Հայաստանում «յոթի գործով» դատական նիստը կրկին հետաձգվել է` դատարանի նկատմամբ ամբաստանյալների անհարգալից վերաբերմունքի պատճառով
Հայաստանում «յոթի գործով» դատական նիստը կրկին հետաձգվել է` դատարանի նկատմամբ ամբաստանյալների անհարգալից վերաբերմունքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով քրեական գործի շրջանակներում, այսպես կոչված, «յոթի գործով» դատական նիստը ուրբաթ հերթական անգամ ընդհատվել է՝ դատարանի նկատմամբ ամբաստանյալների անհարգալից վերաբերմունքի պատճառով և տեղափոխվել է հունվարի 30-ին։

«Հաշվի առնելով այն, որ անցած դատական նիստերի ժամանակ ամբաստանյալներն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել դատարանի նկատմամբ, ոտքի չեն կանգնել դատավորի՝ նիստերի դահլիճ մուտք գործելու ժամանակ և չեն ենթարկվել նրա կարգադրություններին, իսկ անցած նիստի ժամանակ դատարանի նախագահողի հասցեին անպարկեշտ արտահայտություններ են օգտագործել՝ դատարանը որոշում է կայացնում հեռացնել ամբաստանյալներին դատարանի նիստերի դահլիճից և տեղափոխել նիստը մինչև 2009 թ.-ի հունվարի 30-ը», - վճռել է գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Դատավորի վճիռը դժգոհություններ է առաջացրել ամբաստանյալների շրջանում։ Նրանց մի մասը նույնիսկ չի ցանկացել դուրս գալ նիստերի դահլիճից։

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ամբաստանյալներից մեկի փաստաբան Վարդուհի Էլբակյանը, գործընթացի անընդհատ ձգձգման պատճառն իր համար անհասկանալի է, քանի որ ամբաստանյալներն արդեն բազմիցս հայտարարել են, որ ոտքի չեն կանգնելու դատավորի՝ նիստերի դահլիճ մուտք գործելու ժամանակ։

«Նրանք արդեն հայտարարել են, որ դա իրենց իրավունքն է, նման կերպ նրանք արտահայտում են իրենց քաղաքացիական և քաղաքական դիրքորոշումը», - ասաց նա։

Ամբաստանյալ Հակոբ Հակոբյանի փաստաբան Մելանիա Առուստամյանի խոսքերով, իր պաշտպանյալին այսօր նիստերի դահլիճ են բերել հարկադրաբար։ Ինչպես պնդում է փաստաբանը, Հակոբյանը հիվանդ է և իրեն վատ է զգում, սակայն նրան բռնի ուժով բերել են դատարան։

«Իմ պաշտպանյալն անմարդկային վերաբերմունքի և կտտանքների է ենթարկվում », - ընդգծեց նա։

Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի այդ, դատարանը քննում է գործը՝ ըստ մեղադրանքի ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով: --0—