Հուլիսին Հայաստանում կանցկացվի հայոց լեզվի և գրականության դպրոցական օլիմպիադա

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հուլիսի 10-17-ը դպրոցականների շրջանում կազմակերպում է արդեն ավանդական դարձած հայոց լեզվի և գրականության օլիմպիադան և Հայագիտական գիտելիքների մրցույթը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին նախարարության մամուլի ծառայությունից։
Այս միջոցառումների նպատակն է խթանել և խրախուսել հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և հայ մշակույթի իմացությունը, առողջ մրցակցության պայմաններում դրսևորել իրենց գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները, նպաստել առավել շնորհալի պատանիների հայտնաբերմանը, ինչպես նաև՝ ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ։
Թվով չորրորդ Օլիմպիադային և Հայագիտական գիտելիքների մրցույթին կարող են մասնակցել 14 տարին լրացած և բարձր տարիքի անհրաժեշտ իմացություն ունեցող դպրոցականներ, ինչպես նաև հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների, (այդ թվում` միօրյա) սաները, ինչպես նաև՝ այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ:
Օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերենն է, արդյունքներն ամփոփվելու են երկու՝ հայոց լեզվի գրավոր և հայ գրականության բանավոր մրցույթների արդյունքներով։
Հայագիտական գիտելիքների մրցույթն ընդգրկում է հարցեր հայոց պատմությունից և հայ մշակույթից: Մրցույթին կարող են մասնակցել նաև ոչ հայախոս պատանիներ` իրենց նախընտրած լեզուներով։
Օլիմպիադայի և Հայագիտական գիտելիքների մրցույթի մասնակիցների համար լրացուցիչ նախատեսվում են ասմունքի, ճարտասանության, հայրենասիրական երգի և այլ ստեղծագործական մրցույթներ, վիկտորինաներ, որոնց կարելի է մասնակցել ըստ ցանկության։ Այս մրցույթներում հաղթողների համար սահմանվել են հատուկ և խրախուսական մրցանակներ։
Միջոցառումներին համահայկական բնույթ հաղորդելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հուսով է, որ կստանա հայկական համայնքների, ազգային-հասարակական հաստատությունների և կազմակերպությունների, թեմական և կրթական խորհուրդների հատուկ ուշադրությունն ու աջակցությունը:-0-