ՉԺՀ նախագահը մտադիր է այցելել Հայաստան

16.01.2009, 11:11
ՉԺՀ նախագահը մտադիր է այցելել Հայաստան
ՉԺՀ նախագահը մտադիր է այցելել Հայաստան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոն հայտարարել է Հայաստան այցելելու մտադրության մասին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տեղեկացրել ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այս մասին ՉԺՀ նախագահը հայտարարել է հինգշաբթի՝ ընդունելով ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հավատարմագրերը։

«Անդրադառնալով Հայաստան այցելելու Սերժ Սարգսյանից ստացված հրավերին` Հու Ձինթաոն հայտնել է, որ շնորհակալությամբ ընդունում է այն», - ասվում է տեղեկատվության մեջ։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակի և հետագա զարգացման հեռանկարների մասին:

Չինաստանի նախագահը խնդրել է փոխանցել իր բարեմաղթանքները ՀՀ նախագահին՝ նշելով, որ անցած տարվա օգոստոսին նրա հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ քայլեր ձեռնարկել հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացման համար:

ՉԺՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի դեսպանը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման իր առաքելության կատարման ընթացքում կունենա Չինաստանի կառավարության ամենայն աջակցությունը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2008 թ.-ի սեպտեմբերի 12-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին Չինաստանում (նստավայրը՝ Պեկին) ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։-0-