Երևանում ներկայացված է «2002-2008 թթ.-ին Հայաստան վերադարձած միգրանտները» թեմայով հետազոտությունը

15.01.2009, 19:58
Երևանում ներկայացված է «2002-2008 թթ.-ին Հայաստան վերադարձած միգրանտները» թեմայով հետազոտությունը
Երևանում ներկայացված է «2002-2008 թթ.-ին Հայաստան վերադարձած միգրանտները» թեմայով հետազոտությունը

ԵԱՀԿ երևանյան գրասենյակում հինգշաբթի ներկայացվեց «2002-2008 թթ.-ին Հայաստան վերադարձած միգրանտները» թեմայով հետազոտությունը։

«Մենք հույս ունենք, որ այս հետազոտությունը կնպաստի միգրացիոն քաղաքականության ներմուծմանը, օրենսդրական փաստաթղթերի վերանայմանը, ինչպես նաև միգրացիոն գործընթացների ղեկավարման արդյունավետության բարձրացմանը»,- շնորհանդեսի ժամանակ ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Քարել Հոֆստրան (Carel Hofstra)։

Հետազոտությունը կատարվել է «Առաջատար սոցիալական տեխնոլոգիաներ» հետազոտական հասարակական կազմակերպության կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության մասնակցությամբ։  

Հոֆստրան նշեց, որ ելնելով աշխատանքների անցկացման ժամանակահատվածից, դրա արդյունքներում արտացոլված չեն տնտեսական ճգնաժամի ազդեցության հետևանքները միգրացիոն հոսքերի վրա այն երկրներում, որտեղ ապրում են հայ աշխատող միգրանտները։ «Սակայն քանի որ ճգնաժամը կարող է որոշակի ազդեցություն գործել միգրացիոն իրավիճակի վրա, մենք ապագայում ամենայն հավանականությամբ, կդիտարկենք նաև այդ դրույթը»,- ասաց նա։     

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարեցման ծրագրերի պատասխանատու Սվեն Հոլդարի խոսքերով, սա Հայաստանում միգրացիայի հարցերը դիտարկող արդեն երրորդ հետազոտությունն է, իսկ 2005 և 2007 թ.-ին անցկացված առաջին երկուսը վերաբերում էին աշխատանքային միգրացիային։

«Տվյալ հետազոտությունը մատնանշում է այն, որ ներգաղթման հոսքերը Հայաստան ավելի շուտ ընտանեկան բնույթ են կրում, քան տնտեսական»,- ասաց նա։

Ընդ որում Հոլդարը հույս հայտնեց, որ տվյալ փաստաթուղթը օգտակար կլինի ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության համար։ «Միգրացիոն քաղաքականությունը մի երևույթ է, որը վերաբերում է գրեթե բոլոր հայ ընտանիքներին»,- ասաց նա։

Հետազոտության համաձայն, 2002-2007 թթ.-ին արտաքին միգրացիոն գործընթացներին մասնակցած անձանց թիվը 230 հազար + 15 հազար մարդ է կազմել կամ Հայաստանի մշտական չափահաս բնակչության շուրջ 9,7 տոկոսը։

Իր հերթին, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն ընդգծեց, որ, վերջին երկու տարում զբաղված լինելով հանրապետություն վերադարձած միգրանտների խնդիրներով, գործակալությունը որևէ վիճակագրություն չի ունեցել, մասնավորապես այն մասին, թե որ երկրներից են ժամանում միգրանտները, որոնք են վերադարձի պատճառները, ինչպես նաև տվյալներ նրանց սեռի, տարիքի, պրոֆեսիոնալ հմտությունների և այն մասին, թե ինչպիսի դժվարությունների հետ են նրանք բախվում վերադառնալով հայրենիք։   

«Տվյալ հետազոտության արդյունքները մեր կողմից կօգտագործվեն, մասնավորապես, Հայաստան ներգաղթի գործընթացը խթանելու համար, ինչպես նաև մեր կողմից իրականացվող քայլերի ուղղությունը հստակեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու համար»,- պարզաբանեց նա։

«Առաջատար սոցիալական տեխնոլոգիաներ» ՀԿ նախագահ Աննա Մինասյանը լրագրողներին հայտնեց, որ տվյալ աշխատանքը թույլ տվեց միգրացիոն հոսքերի դինամիկայի համեմատական վերլուծություն անցկացնել։

«Տվյալ աշխատանքի ամենագլխավոր եզրակացությունն այն է, որ իր տարբերություն 90-ականների միգրացիոն հոսքերի, 2002-2008 թթ.-ին մենք Հայաստանից ժամանակավոր աշխատանքային միգրացիայի ականատեսը եղանք, ընդ որում դեպքերի մեծամասնությունում այս երևույթը երկկողմ բնույթ էր կրում, իսկ արտագաղթողների և ներգաղթողների թվի տարբերությունը բավականին փոքր է»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ սա վկայում է վերջին տարիներին միգրացիայի աննշան բացասական սալդոյի մասին։

Խոսելով մշտական միգրացիայի մասին՝ Մինասյանը նշեց, որ վերջին 6 տարում հիմնական բնակությամբ Հայաստանից արտագաղթողների թիվը միգրանտների ընդհանուր թվի ընդամենը 2 տոկոսն է կազմում, այն դեպքում, երբ աշխատանքային միգրանտների թիվը 94 տոկոսի է հասնում։

«Միգրացիոն հոսքերի մեր հետազոտության համաձայն մինչև 2002 թ.-ը Հայաստանի հիմնական բնակությամբ արտագաղթողների թիվը շուրջ 40 տոկոս էր կազմում, ինչը վկայում է միգրացիոն իրավիճակի որակական փոփոխության մասին»,- եզրափակեց նա։

Հետազոտությունն անցկացվել է 2008 թ.-ի մարտին Երևանի 2500, մարզային քաղաքների 21 և գյուղական բնակավայրերի 43 տնային տնտեսություններում, որոնց ընտրությունը կատարվել է պատահական ընտրության մեթոդով։--0--