2008 թվականի մարտին Հայաստանը վերապրեց քաղաքական իրավունքների ամենալուրջ ճգնաժամերից մեկը.

15.01.2009, 17:54
2008 թվականի մարտին Հայաստանը վերապրեց քաղաքական իրավունքների ամենալուրջ ճգնաժամերից մեկը.
2008 թվականի մարտին Հայաստանը վերապրեց քաղաքական իրավունքների ամենալուրջ ճգնաժամերից մեկը.

Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը վերապրեց քաղաքական իրավունքների ամենալուրջ ճգնաժամերից մեկը, երբ մարտի 1-ին անվտանգության ուժերը չափից մեծ ուժ գործադրեցին 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության նկատմամբ, ասվում է  Human Rights Watch կազմակերպության World Report-2009 զեկույցում։

«Տեղի ունեցան կատաղի բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև, իշխանությունները ձերբակալեցին մի քանի հարյուր ցուցարարների և դատական հետապնդում սկսեցին ավելի քան հարյուր ընդդիմադիրների նկատմամբ։ Մտցված արտակարգ իրավիճակը ժամանակավորապես սահմանափակեց որոշ հիմնարար ազատություններ, այդ թվում՝ ժողովներ անցկացնելու ազատությունը»,- ասվում է զեկույցում։

Փաստաթղթի համաձայն, «մարտի մեկի դեպքերի և արտակարգ իրավիճակի  ժամանակ չափից մեծ ուժի գործադրումը դատապարտվել է միջազգային հանրության կողմից»։
 
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Human Rights Watch զեկույցում նշվում է, որ վարչապետ Սերժ Սարգսյանը հաղթանակ տարավ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում, բայց «ընտրությունները մռայլվել էին ընտրությունների օրը տեղի ունեցած բռնություններից և անօրինական գործողություններից»։

«Ընտրությունների օրը ընդդիմության՝ ընտրական խախտումների դեմ պայքարող (ինչպես իրենք էին կարծում) ակտիվիստները ենթարկվում էին հարձակումների և սպառնալիքների։ Նույնը տեղի էր ունենում տեղական դիտորդների և լրագրողների նկատմամբ ութ ընտրատարածքներում»,- ասվում է զեկույցում։

«Անհանգստություն հայտնելով մարտի 1-ի դեպքերի առնչությամբ  հայ իշխանությունների արձագանքի վերաբերյալ, ԱՄՆ-ն սառեցրեց 235.65 մլն արժողությամբ գյուղական աղքատության նվազեցման հնգամյա ծրագրով Հայաստանին տրվող հետագա վճարումները «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայից։ Իր հայտարարություններում Եվրամիությունը նույնպես անհանգստություն հայտնեց իշխանությունների կողմից ուժի գործադրման և ցուցարարների ձերբակալության վերաբերյալ»,- ասվում զեկույցում։

Human Rights Watch-ը նշում է նաև այն փաստը, որ մարտի սկզբին կատարած իր այցից հետո ԵԱՀԿ Հարավային Կովկասի հատուկ դեսպանորդը կոչ արեց Հայաստանի իշանություններին չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը և «ափսոսանք» հայտնեց, որ ճգնաժամի ընթացքում «առավելագույն զսպվածություն» չդրսևորվեց։

«2008 թ. ապրիլին Հայաստանի իրավիճակի արտահերթ քննարկման ժամանակ, ԵԽԽՎ-ն սպառնաց Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, եթե վերջինս անհապաղ լուրջ քայլեր չձեռնարկի մի շարք հարցերում, որոնց թվում էին ժողովների մասին օրենքում կատարված լրացումների չեղյալ համարելը, մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննության անցկացումը և ձերբակալվածներին, ովքեր չեն կատարել որևէ լուրջ իրավախախտումներ, ազատ արձակելը»,- նշվում է զեկույցում։

Փաստաթղթում ասվում է, որ հունիսյան նստաշրջանում ԵԽԽՎ-ն ողջունել է որոշ ոլորտներում արձանագրված առաջընթացը, բայց ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը չի կատարել բոլոր պահանջները։

ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովը մարտի 1-2-ի դեպքերի հետաքննության կապակցությամբ դեկտեմբերի 17-ին առաջարկել է ութ հոգուց բաղկացած հայկական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։

Որոշումն ընդունվել է Ժորժ Կոլոմբյեի ու Ջոն Պրեսկոտի՝ Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի պահանջների իրականացման վերաբերյալ զեկույցի հիման վրա:

Ներկայում ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն գտնվում են Հայաստանում՝ մարտի 1-2-ի դեպքերի հետաքննության վերաբերյալ պարտավորությունների իրականացման գործընթացն ուսումնասիրելու համար։-0-